
«Հայաստանը վերջին տարիներին շատ ճիշտ քայլեր է իրականացրել. Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ». Արմեն Սարգսյան

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում խոսեց Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին:
«Հայաստանը վերջին տարիներին շատ ճիշտ քայլեր է իրականացրել. Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, սա կարևոր և նշանակալից երևույթ է, որովհետև 3 միլիոնանոց հանրապետությունը որևէ միջազգային ներդրողի համար հետաքրքրություն չի կարող ներկայացնել:
Ներդրումները գնում են այնտեղ, որտեղ տարբեր նպատակներով կարող են գնալ, նպատակներից մեկը նաև շուկան է: Դառնալով ԵԱՏՄ անդամ՝ մենք շուկա ենք բացում, դառնում ենք պատուհան՝ դեպի մոտավորապես 200 միլիոնանոց շուկայական տարածք»,- նշեց Ա. Սարգսյանը:
Նա նկատեց, որ դրան զուգահեռ՝ մենք անցյալ տարի ստորագրեցինք համաձայնագիր ԵՄ-ի հետ. «Այս իրավիճակում Հայաստանը դարձել է տարածաշրջանի միակ երկիրը, որը ճիշտ հարաբերություններ ունի՝ ԵՄ-ի, և սերտ հարաբերություններ՝ ԵԱՏՄ-ի հետ: Մենք միակն ենք այդ կարգավիճակում: Ներդրողի համար այս հնարավորությունը շատ էական է: Բայց սա ընդամենը հնարավորություն է, որից իրականություն հասնելու համար հսկայական ճանապարհ պետք է անցնենք»: