
«Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի»՝ համաշխարհային մակարդակի միակ ֆուտբոլիստն է». Գարի Նևիլ

Ալեքսիս Սանչեսը և Պոլ Պոգբան այդպիսինը չեն: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Գարի Նևիլը քննադատել է Ժոզե Մոուրինիոյի թիմը:
«Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի»՝ համաշխարհային մակարդակի միակ ֆուտբոլիստն է: Կարող է՝ ինչ-որ մեկը նշի նաև Սանչեսին, բայց նույնիսկ ամենալավ մարզավիճակում Ալեքսիսը մոտ չի գա Դավիդին: Նոր թիմում նա դեռ չի ցուցադրում իր լավագույն խաղը, չնայած վերջին 5-6 տարիներին նա բարձր մակարդակ է ցուցադրում:
Անտոնիո Վալենսիան ևս մեկ խաղացող է, ով գերազանց է հանդես գալիս: Այստեղ կարելի է վիճել՝ հանդիսանո՞ւմ է արդյոք նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, բայց վերջին մրցաշրջանները հիասքանչ են եղել: Մոուրինիոն դեռ չի կողմնորոշվել՝ ինչպես միաժամանակ օգտագործել Լուկակուին, Սանչեսին, Ռեշֆորդին և Մարսիալին: Անհասկանալի է՝ ով պետք է խաղա աջ եզրում: Այդտեղ խաղում էր Մարսիալը, մի քանի խաղ անցկացրեց Սանչեսը:
Բայց երկուսն էլ իդեալական չէին: Այս բոլոր խաղացողներն ուզում են լինել հարձակման կենտրոնում: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նրանք դասավորվում դաշտում: Նրանք պետք է ապացուցեն, որ կարող են խաղալ միասին»,- Նևիլին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը