
«Անրին կդառնա «Արսենալի» լավ մարզիչ, նրա հեղինակությունը բացառում է ձախողումը»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է դառնալ լավ մարզիչ «զինագործների» համար:
«Մենք Գվարդիոլային մի քանի պահանջներ ներկայացրեցինք, երբ նշանակում էինք գլխավոր մարզչի պաշտոնում, և Անրին համապատասխանում է դրանցից շատերին: Ես գիտեմ, որ Անրին սիրում է «Արսենալը»: Նա ջենթլմեն է, շատ լուրջ և պատասխանատու մարդ է: Եթե նա ուզում է մարզիչ դառնալ և կոնկրետ ուզում է գլխավորել «Արսենալը», նշանակում է՝ վստահ է, որ լավ գլուխ կհանի: Նա ձգտում է կատարելության ամեն ինչում, ինչպես այն ժամանակները, երբ դեռ խաղացող էր:
Անրին գիտի ֆուտբոլը, ինչպես աշխարհի լավագույն խաղացողներից մեկը՝ Պեպ Գվարդիոլայի և Յոհան Կրոյֆի մակարդակում: Նրանց այդքան շատ ժամանակ պետք չէ, ինչպես ուրիշներին, լավ մարզիչ դառնալու համար: Թիերին գիտի ակումբը, երկրպագուներին, նա այն մարդն է, ով արժանի է հասնել այն ամենին, ինչ մտածել է: Հավատում եմ, որ նա լավ մարզիչ կդառնա: Նրա հեղինակությամբ անհնար է ձախողվել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը