ԱԺ-ում մեկնարկել են Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու քննարկումները. «Ելք»-ը փաստաթղթեր է պահանջում
Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունների կողմից ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվում Արմեն Վարդանի Սարգսյանը:
«Այսօր պատմական օր է, ՀՀ Ազգային ժողովը առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին»,- հայտարարեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ այնուհետև ներկայացրեց Ա. Սարգսյանի կենսագրությունը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որտե՞ղ են այն փաստաթղթերը, որոնք փաստում են, թե ե՞րբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, ինչպես նաև, թե քանի տարի է, որ ՀՀ քաղաքացի և բնակիչ է, որովհետև, Ն. Փաշինյանի խոսքով, Ա. Սարգսյանի բանավոր պնդումից բացի՝ իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել, ինչը կփաստեր դա:
«Այն, ինչ հայտարարել է պարոն Սարգսյանը, դրանք բոլորը հիմնավորված են փաստաթղթերով, ես կխնդրեմ քարտուղարությանը, որ բոլոր փաստաթղթերը կներկայացնեն ձեզ: Ինչ վերաբերում է մշտական բնակվելուն, Արմեն Սարգսյանը կատարել է դիվանագիտական աշխատանք, նա եղել է ՀՀ դեսպանը, դա համարվում է ՀՀ քաղաքացի և բնակիչ»,- ի պատասխան՝ ասաց Վ. Բաղդասարյանը:
Ն. Փաշինյանն էլ ասաց, որ իրենք այսօր առավոտվանից քարտուղարությունից հետաքրքրվել են, բայց իրենց տվել են միայն կենսագրությունը. «Քանի որ քննարկումը սկսվել է, ես խնդրում եմ անհապաղ մեզ ներկայացնեք այդ փաստաթղթերը»:
Վ. Բաղդասարյանն էլ ասաց, որ քարտուղարությունը կներկայացնի կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: