«Հանրապետականը» փոխեց դիրքորոշումը. «Ծառուկյան» խմբակցության նախագիծը երկրորդ ընթերցմամբ չանցավ
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ պետք է ընդուներ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ իշխող «Հանրապետական» խմբակցությունը կողմ էր քվեարկել նախագծին:
Քվեարկությունից առաջ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին. «Օրենքի նախագծի ընդունումն ուղղակիորեն հակասում է ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից որդեգրած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և վտանգում է մեր պետության հուսալի գործընկերոջ հեղինակությունը»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ բոլորի ուշադրությունը հրավիրեց «քաղաքական կազուսի» վրա. «Այս նախագծի առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը քվեարկել է կողմ, էդ հետո նոր հասկացա՞ն, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերին: Ընդամենն արձանագրենք, որ՝ ի դեմս մեծամասնության, մենք գործ ունենք մի անհասկանալի քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»:
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հորդորեց նայել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածը, որտեղ, ըստ նրա՝ սահմանված է, որ իրենց առաջարկած դրույթը վերապահված է ազգային օրենսդրությանը:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասաց. «Առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովում քննարկման ընթացքում կառավարության դիրքորոշումը եղել է նույնը: Կառավարությունն այն ժամանակ էլ էր պնդում, որ այս որոշման ընդունումն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում մեր միջպետական պարտավորություններին: Ես ինքս անձամբ, ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, այդ հակասությունը չէի տեսնում: Ավելին, լինելով հանձնաժողովի նախագահ, ես ինքս եմ դարձել այդ նախագծի իրավական կանստրուկցիայի համահեղինակը: Բայց հետագայում իրավաբանների հետ խորհրդակցելով, հասկանալով, որ այստեղ ունենք լուրջ խնդիրներ միջպետական հարաբերությունների առումով՝ մենք որոշում կայացրեցինք դեմ քվեարկել»:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց: