
Կնամեծար տղամարդու համբավ ունեցող քաղաքապետը կպարգևատրի համայնքապետարանի կին աշխատակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կանանց մեկամսյակին ընդառաջ՝ կնամեծար, ուշադիր տղամարդու համբավ ունեցող Մամիկոն Ասլանյանը՝ Վանաձորի համայնքապետը, որոշել է պարգևատրել համայնքապետարանի կին աշխատակիցներին:
Մարտի 8-ի՝ Կանանց և ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ, քաղաքապետի որոշմամբ, որպես խրախուսանք՝ համայնքապետարանի աշխատակցուհիներին կտրվի միանվագ դրամական պարգևատրում՝ յուրաքանչյուրին 30 հազար դրամ: Ուշագրավ է, որ անցյալ տարի նույնպես, Ասլանյանի որոշմամբ, Մարտի 8-ի կապակցությամբ աշխատակցուհիները դրամական խրախուսանք էին ստացել՝ 25 հազար դրամ: Այս տարի, փաստորեն, խրախուսանքի չափը 5 հազար դրամով ավելացել է:
«Հավանաբար, հաշվի են առել նաև ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը և եկամտահարկի հետ կապված փոփոխությունները»,- կեսկատակ ասաց մեր աղբյուրը, ապա հավելեց, որ անցյալ տարի միայն Մարտի 8-ի առթիվ է եղել խրախուսանքը, իսկ այս տարի՝ երկուսը մեկում:
Նշենք, որ համայնքապետարանում մոտ յոթանասուն կին աշխատակից կա: Ասլանյանը, ասում են, չի զլանում և առանձնահատուկ շնորհավորում է կին աշխատակիցներին՝ տոների, ծննդյան առթիվ, և իրեն հատուկ ոճով օրիգինալ մաղթանքներ հղում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: