Բաժիններ՝

«Դուք իրավունքն եք սահմանափակում». Խոսրով Հարությունյանը՝ փոխնախարարին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով առաջարկում են ուժը կորցրած ճանաչել նախագահի վարձատրության մասին օրենքը, նախագահի սպասարկմանը վերաբերող փոքրիկ կարգավորումները տեղափոխել պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենք, փոխել այդ օրենքի վերնագիրը՝ շարադրելով՝ «Պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենք:

«Մենք նախատեսեցինք նաև փոփոխություն այն առումով, որ գործող օրենքը նախատեսում է, որ պաշտոնատար անձը զրկվում է թոշակից, եթե այլ վճարովի աշխատանքի է անցնում: Այժմ պաշտոնաթող անձը կզրկվի այս երաշխիքներից միայն այն դեպքում, եթե նա զբաղեցնի հանրային ծառայության այլ պաշտոն: Գաղափարն այն է, որ պետական բյուջեի երկու աղբյուրից անձը չստանա վարձատրություն, մեկը՝ որպես աշխատավարձ, մյուսը՝ կենսաթոշակ»,- նշեց փոխնախարարը:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախ հետաքրքրվեց, թե հանրային ծառայության պաշտոնի մեջ արդյոք նախատեսո՞ւմ են քաղաքական պաշտոնները. «Եթե պետական պաշտոնյայի կենսաթոշակը դիտում ենք նրա աշխատանքային գործունեության արդյունքում ստացած  վաստակ, ինչո՞ւ եք սահմանափակում մարդու իր աշխատանքով վաստակածը, եթե ինքն այլ աշխատանքի է անցել: Չէ՞ որ այդ իրավունքը նա իր աշխատանքով է վաստակել: Դուք իրավունքն եք սահմանափակում»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանը նախ ասաց, որ հանրային ծառայության պաշտոն ասելով՝ իրենք նաև հասկանում են քաղաքական պաշտոնները. «Այսօր գործող իրավակարգավորումը շատ ավելի խիստ է: Կենսաթոշակ ստացող անձը հենց այլ վաստակ ունեցավ, այսօրվա օրենքով նա զրկվում է կենսաթոշակ ստանալու իրավունքից: Մենք ասում ենք՝ քանի որ դատավորի համար փոփոխություն եղավ, այդ առումով՝ այս սկզբունքը նաև տարածեցինք մյուսների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս