«Ելքը» պահանջում է քրեական գործ հարուցել
Այսօր ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կապակցությամբ ԱԺ նիստերի դահլիճում սկսված մեղադրանքները շարունակվեցին խորհրդարանի միջանցքում` ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ: «Կռվախնձորը», հիշեցնենք, Գագիկ Հարությունյանին տրված ձայների քանակն էր` 2, մինչդեռ «Ելքը» պնդում է, որ իրենց 7 պատգամավորներն էլ դեմ են քվեարկել:
Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը վստահ է` իր խմբակիցները բոլորը դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը: Թե ինչպե՞ս է տեղի ունեցել կեղծիքը, Լ.Նազարյանը բացատրեց, որ հաշվարկի ժամանակ բոլոր քվեաթերթիկները լցվում են սեղանին, անդամներից յուրաքանչյուրն իմ կողմ է տանում մի մասը և հաշվում, և հենց այդ ժամանակ էլ ուղղակի փոխվել են «դեմ»-երը. «Ես ինչպե՞ս կարող եմ բոլորին վերահսկել, երբ ինքս զբաղված եմ քվեաթերթիկ հաշվելով»:
Թե ինչո՞ւ է այդ դեպքում ստորագրել արձանագրությունը՝ հարցին, Լ.Նազարյանը պատասխանեց, որ ստորագրել է առկա իրադրությունը փաստող թղթի տակ:
168.am-ի հարցին, թե այդ կեղծիքի նպատակը ո՞րն է, Լ.Նազարյանը պատասխանեց. «Ուզում են պարզապես մեր խմբակցությունում տարաձայնություններ առաջանան այդ կապակցությամբ, բայց ես հավաստիացնում եմ, որ այդ հիմքով որևէ տարաձայնություն չի առաջանա»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` առնվազն կոռեկտ չէ, երբ հարցականի տակ է դրվում մյուս պատգամավորների ստորագրությունը: Ըստ նրա` «Ելքը» լուրջ ճգնաժամի առջև է, եթե ավելի շատ է վստահում ԶԼՄ-ներին, ոչ թե իր խմբակցության գործընկերներին: Շարմազանովը նշեց, որ արձանագրության տակ ստորագրելը նշանակում է՝ համաձայն լինել արդյունքների հետ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր քվեարկությունից հետո ռեպլիկ արեց, թե «Ելքի» 4 անդամները կողմ են քվեարկել, և արագ հեռացավ:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ հայտարարեց, թե քվեախցերի մոտ պատգամավորների հավաքվելն արդեն լուրջ խնդիր է, որովհետև հետևում են, թե ներսում ինչ է կատարվում. «Էդ քվեարկությունը հստակ ժուլիկության, մանիպուլյացիայի հետևանք է: «Ելքի» բոլոր անդամները դեմ են քվեարկել: Թող քրեական գործ հարուցվի: Մենք պնդում ենք, որ կեղծվել են արդյունքները, և մեր անդամները որպես վկա՝ ցուցմունք կտան»:
Հակադարձելով Ն.Զոհրաբյանին` Ն.Փաշինյանը հայտարարեց, որ նրան էլ կարելի է քրեական գործի շրջանակներում հարցաքննել՝ որպես վկա:
«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը պնդեց, որ այս կեղծիքի նպատակը «Ելքի» անդամների միջև սեպ խրելն է և «մուտիտ» գցելու փորձ է, որը չի հաջողվելու: Նրա խոսքով` ԸՕ-ն սահմանում է, որ հատ-հատ պետք է հանեն քվեաթերթիկները:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը հերքեց որևէ կեղծիքի հնարավորությունը: Մեր հարցին, թե ինչո՞ւ քվեատուփից հատ առ հատ չեն հանվում թերթիկները, Գ.Մելիքյանը հավաստիացրեց, թե ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքն ընտրական գործընթացի հաշվառման պրոցեսի վրա որևէ սահմանափակում չի դնում: Մեր դիտարկմանը, որ տեխնիկապես հնարավոր է «դեմ» քվեաթերթիկները փոխել «կողմ»-ով, Մելիքյանը պատասխանեց. «Բացառվում է: Այդպիսի բան չկա, քվեաթերթիկների թիվը չի փոխվում: Իսկ չօգտագործված քվեաթերթիկները նախապես պատռում ենք, մենք քվեաթերթիկ չունենք, որ փոխենք: Եթե փոխենք, ինչ-որ մեկինը պետք է ավելանա, ինչ-որ մեկինը` պակասի: Չի կարող լինել»: