«Ելքը» պնդում է, որ Գագիկ Հարությունյանի ընտրության քվեները «կեղծվել են». պահանջում են հետաքննություն անցկացնել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 96 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի պաշտոնում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք՝ 7 պատգամավորներով, դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին. «Սա ես համարում եմ մանր ժուլիկություն ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մեծամասնության կողմից՝ ուղղված «Ելքին»»:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկության ամբողջ գործընթացին՝ քվեաթերթիկի պատրաստման պահից սկած.

«Հանձնաժողովի բոլոր անդաները մասնակցել են նաև քվեաթերթիկների հաշվառման գործընթացին: Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն ստորագրել են արձանագրությունը, հաշվել բոլոր թերթիկները մեկ առ մեկ»:

Հաշվիչ հանձնաժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն էլ հայտարարեց, որ ինքը մասնակցել է հաշվարկին, սակայն չի կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով. «Որովհետև հաշվարկի ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվում էին քվեաթերթիկները, և հնարավոր է՝ նրանցից որևէ մեկն է դա արել»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ կա արձանագրություն, որի տակ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են. «Ինչքան դուք խոսում եք հնարավորության մասին, մենք էլ կարող ենք ասել, որ ձեր ասածները ենթադրություններ են: Խնդրում եմ, մենք լուրջ մարդիկ ենք»:

Ն. Փաշինյանն էլ ասաց, որ պահանջում են այս թեմայով մանրամասն հետաքննություն անցկացնել ու պահանջում են դադարեցնել դռնփակ ռեժիմով քվեաթերթիկների հաշվարկը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան էլ հայտարարեց, որ իրենք վստահ են իրենց հանձնաժողովի անդամների վրա, ու նաև վստահ են, որ իրենց անդամների ներկայությամբ որևէ մանիպուլյացիա չէր կարող լինել. «Առաջարկում ենք վերահաշվարկել, որպեսզի այստեղ տարատեսակ կարծիքներ չհնչեն»:

Իշխող «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց.  «Ո՛չ Գագիկ Հարությունյանի, ո՛չ մեզ համար էական չէ՝ դա կլինի 86, 96 թե 80 ձայն, խնդրում եմ՝ ավելորդ արտահայտություններով նման խլրտումներ չմտցնել մեր աշխատանքի մեջ, եթե ցանկանում եք, կարող եք անել այդ հաշվարկը»:

Տեսանյութեր

Լրահոս