Բաժիններ՝

«2009 թվականին ինձ որևէ նախարար աչքով աչք չուներ տեսնելու». ԱՎԾ նախագահ

Այսօր ԱԺ-ում «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեղադրեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին, որ իրենց ներկայացրած թվերն իրականության հետ կապ չունեն:

«Շատ ցավ եմ զգում, որ տիկին Զոհրաբյանի մոտ այդքան կասկածներ են կուտակվել»,- հայտարարեց Ս. Մնացականյանը և սկսեց պարզաբանել, թե ինչպես են ստանում թվերը:

Անդրադառնալով վիճակագրության նկատմամբ անվստահությանը՝ Ս. Մնացականյանն ասաց, որ ԱՎԾ-ի կայքում տեղադրված է մի փաստաթուղթ, որը կոչվում է պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները, որում ներկայացված են այն 5 հիմնական օբյեկտիվ պատճառները, որ սպառողները տարբեր հեռանկարներ, սպասումներ ունեն, տարաբնույթ շահեր ունեն:

Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսությունում արձանագրված «կեղծ թվերի» վերաբերյալ Ն. Զոհրաբյանի դիտարկումներին. «Մենք այլ աղբյուր չունեինք, միայն այն ավանդական աղբյուրն էր, գյուղապետից էինք հավաքագրում տվյալները, բայց մենք տարիներ շարունակ տառապում էինք, որ տեղեկատվության այլ աղբյուր ունենանք: Դա գյուղատնտեսական համատարած հաշվառումներն էին: Մեծ դժվարությամբ 2008 թվականին ընդունվեց օրենք գյուղատնտեսության համատարած հաշվառման մասին:

Դրանից հետո 2009-ին սկսվեց ֆինանսական ճգնաժամը՝ տնտեսությունը 14.1 տոկոսով անկում ապրեց, որի ժամանակ ինձ որևէ նախարար աչքով աչք չուներ տեսնելու, որովհետև դա վատ լուր էր նաև նրանց համար, հասկանալի էր: 2014 թվականին մենք իրականացրեցինք գյուղատնտեսական համատարած հաշվառումը, և պարզվեց, որ միայն ցանքատարածությունները գյուղապետերի կողմից ներկայացվածից 23 տոկոսով պակաս էին, դրա հետևանքով 2016 թվականի մարտին, երբ մենք հրապարակեցինք գյուղատնտեսական ցուցանիշները, արդեն ճշգրտված էին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս