«Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույն տարբերակն է». Արշակ Սադոյան

Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ներքաղաքական դաշտում չի տեսնում այլ մարդու, ով կարող է ստանձնել ՀՀ Նախագահի պաշտոնը:

«Կարծում եմ, Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույն տարբերակն է, որը կարող է լինել: Նա արդյունավետ և փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ է, ուստի կփորձի դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհասփյուռ հայության նախագահը: Դրա համար նա ունի երկար տարիների փորձ, սփյուռքում ամուր կապեր և գործարար աշխարհի հետ սերտ համագործակցություն»,-  ասաց Սադոյանը:

Իշխող կոալիցիան ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին, կարելի է ենթադրել, որ խորհրդարանում նախագահի ընտրությունը կավարտվի հենց առաջին փուլում: Առաջին փուլով ՀՀ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 79 ձայն: Իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 58, նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 7, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 մանդատ:

Արմեն Սարգսյանը նաև հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և Սփյուռքի կառույցների հետ:

Տեսանյութեր

Լրահոս