Հայաստանը տարեկան 10 միլիոն դոլար է խնայում GSP+ ռեժիմից օգտվելուց, 60 միլիոն դոլար` էժան էներգակիրներից. տնտեսագետ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անհրաժեշտ է համարում ճանապարհային քարտեզի մշակումն ու արտահանման ծավալները 3 միլիարդ դոլարից ավելի դարձնելը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ տնտեսագետը նշեց, որպեսզի քանակական ցուցանիշներից անցում կատարվի որակականի, պետք է ապահովել արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրական ուղով է ընթացել, ու դա ցույց են տալիս նաև թվերը:
«Մեր արտահանումը երկու տարվա ընթացքում 50 տոկոսով աճել է, այսպիսի ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել: 2017-ին մենք առաջին անգամ գերազանցել ենք արտահանման 2 միլիարդ զգայունության շեմը: Այստեղ մեծ դեր է ունեցել պատրաստի արտադրանքի արտահանումը, որը հիմնական գնացել է Ռուսաստան, որտեղ արտահանումը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով»,-նշեց փորձագետը:
Թավադյանը կարևորեց նաև երրորդ երկրների, հատկապես Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կապերի ամրապնդումը ԵՄ-ի հետ: «GSP + արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու միջոցով մենք տարեկան մոտ 10 միլիոն դոլար խնայում ենք»,-հավելեց տնտեսագետը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված էներգակիրների բարենպաստ գների ազդեցությանը, ապա, ըստ Թավադյանի, այն կազմում է տարեկան 60 միլիոն դոլար:
Տնտեսագետը տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է համարում հումքային ապրանքներից արտահանումից պատրաստի արտադրանքի արտահանման անցումը:
«Փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որի հումքը սակավաթիվ է, տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը պատրաստի արտադրանքի արտահանումն է: Դրանից ելնելով` մենք նշել ենք այն վեկտորը, որը ցույց է տալիս մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը: Հումք արտահանելու համար որևէ դժվարություն չկա աշխարհում, մեր կողմից պղնձի խտանյութի արտահանման փորձն է նաև ցույց տալիս դա:
Ինչ վերաբերում է պատրաստի արտադրանքին, այստեղ լուրջ խնդիրներ կան: Սա է տնտեսության հիմնական նպատակը, դրանով է պայմանավորված եղել ժամանակին մեր խորհուրդը մտնել ԵԱՏՄ: Ընդլայնել այս հնարավորությունը և ստանալ համեմատաբար էժան էներգառեսուրսներ»,-ասաց Աշոտ Թավադյանը: