Իսրայելը հետաքրքրված է Գյումրու տարածքում ազատ տնտեսական գոտու գաղափարով
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Մաղաքյանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել: Ընկերությունը հետաքրքրված է Գյումրու տարածքում զարգացնելու, կառուցելու և շահագործելու օդային փոխադրումներ իրականացնող օդանավերով փոխադրվող ապրանքների համար նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտի (այսուհետ՝ «Լոգիստիկ ԱՏԳ»), իսկ քաղաքապետարանն աջակցում է ընկերության նախաձեռնությանը և պատրաստակամ է վերջինիս հետ համագործակցելու և օժանդակելու Լոգիստիկ ԱՏԳ-ի զարգացման հարցում։
Մինչ հուշագրի ստորագրումը՝ ներկաներին ողջունել են Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետն իր խոսքում կարևորել է ծրագրի իրականացումը Գյումրիում, ապա խոսել դրա ծավալների և արդյունավետության մասին: Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ իր խոսքում հույս է հայտնել, որ մեծ և երկարաժամկետ այս ծրագիրը դրական փոփոխություններ կբերի Գյումրու համար:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ևս անդրադարձավ ծրագրին ու դրա արդյունավետությանը, ապա վստահաբար ընդգծեց. այն ուղղությունը որ նախանշվում է ծրագրով՝ խիստ կարևոր է, հաջողության դեպքում հնարավորություն կընձեռվի՝ թե՛ Գյումրի քաղաքի, թե՛ Շիրակի մարզի, թե՛ ամբողջ Հայաստանի արդյունաբերության արտահանումն այլ հարթության վրա դնել:
Անահիտ Սիմոնյան