
ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին

ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք արդեն հավաքել ենք Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները և ուղարկել ենք Ազգային ժողովի քարտուղարություն: Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու հարցի քննարկումները խորհրդարանում կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է իշխող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը: