Կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում

Իշխող կոալիցիան ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեխանիզմն այնպիսին է, որ նախագահի թեկնածու առաջադրում են կոալիցիայի անդամ երկու խմբակցությունների պատգամավորները, և հանդիպման ընթացքում կայացվեց այդ որոշումը»,- նշեց Վարդանյանը:

Նա հայտնեց, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվում են: «Եթե չեմ սխալվում, 60 ստորագրություն արդեն հավաքվել է: Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի ստորագրությունը, այսինքն՝ բավարարից երկու անգամ ավելի ստորագրություն հավաքվել է»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հայտնեց, որ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել, որը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկություններին, կյանքին և պատկերացումներին նույնական է:

Նրա խոսքով՝ եթե կարողանան այդ պատկերացումների շրջանակում քրտնաջան աշխատել, կարճ ժամանակում հնարավոր կլինի ունենալ ՀՀ բոլոր քաղաքացիների պատկերացումներին համապատասխան պետություն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս