«Շարքային քաղաքացիներն ի՞նչ իմանան՝ գիշերով մի քանի կիլոմետրի վրա ով՝ ում սպանեց». Սարգիս Քլոյան
«Մեր պահանջը բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, մեր պահանջն է՝ բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Նրա խոսքով՝ իրենք պահանջում են, որ բացահայտվի՝ 2008 թվականի մարտի 1-ին ինչ է կատարվել. «Թե ով հրաման տվեց, և ովքեր սպանեցին մեր երեխաներին: Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, ո՛չ հրաման տվողները: Վերջերս Գևորգ Կոստանյանն ասում էր՝ վկաների կեսն արտագաղթել են, իսկ մյուս կեսը չեն հիշում Մարտի 1-ի ոճրագործությունը: Պարոն Կոստանյան, եթե անցներ մի քանի տարի, երևի Դուք էլ չէիք հիշի՝ ինչ է կատարվել 2008 թվականի Մարտի 1-ին, անցներ 10-20 տարի՝ կասեիք՝ ընդհանրապես Մարտի 1 գոյություն չի ունեցել:
Սա ի՞նչ արտահայտություն է: 2008 թվականի մայիսի 4-ին ձեր նախագահ Սերժ Սարգսյանն իր զեկույցում ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ՝ պրոֆեսիոնալ, որոնցով կարողանում են խոշորացնել, մոտիկացնել, և մեր իրավապահները կպարզեն այս տեսագրությունները: Այդ բանը չի հերքել Ազգային անվտանգությունը: Դրանք փաստեր են: Դուք խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի, գծեցիք ճանապարհային քարտեզ, գործերն առանձացրեցիք, բա ի՞նչ եղավ, պարոն Կոստանյան, անցել է 10 տարի»:
Ս. Քլոյանը ներկայացրեց, թե ինքը՝ որպես Մարտի 1-ի մասնակից, ինչ է տեսել. «Մոտ 500 սադրիչներ, որոնք այդ հատվածում քանդում էին միայն Ռուսաստանի տունը, որ ասեն՝ տեսեք՝ ընդդիմությունը հակառուսական է: Եկավ չարաբաստիկ ժամը 9-ը, սադրիչները երեխաներին տարան կրակի բերան, տրաքեց լուսարձակող ձայնային գրանատը:
Այդ ժամանակ էր, որ Քոչարյանն ասում էր՝ ավտոբուսի հետևից կրակում են ոստիկանների վրա: Սուտ, բացարձակապես սուտ: 3 քաղաքացի զոհվել են «Չերեմուխա 7» տեսակից, գազային նռնակից: 4 ոստիկանի մոտ է եղել այդ «Չերեմուխա» տեսակի զենքը:
Մենք գիտենք նրանց անունները, և դուք բոլորդ գիտեք, որովհետև դա հրապարակվել է: Այդ 4 ոստիկանները չեն քննվել, չենք քննվել բարձրաստիճան պաշտոնյաները, չեն քննվել ներքին զորքերի ոստիկանության գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը, մյուսները, անմիջապես կատարողները:
Հատուկ քննչական ծառայությունը միայն քննում է շարքային քաղաքացիներին: Շարքային քաղաքացիներն ի՞նչ իմանան՝ գիշերով մի քանի կիլոմետրի վրա ով՝ ում սպանեց»:
Ըստ Ս. Քլոյանի՝ այս տարիների ընթացքում բոլոր դատախազներն ամեն ինչ արել են, որ ոչ թե բացահայտեն կատարվածը, այլ՝ թաքցնեն: