Բաժիններ՝

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ճակատամարտեր են տեղի ունենալու զինված աշակերտների և զինված ուսուցիչների միջև. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Փետրվարի 14-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում տեղի ունեցավ ողբերգություն: 19-ամյա Նիկոլաս Կրուզը դպրոց մտավ հրացանով, սպանեց 17 հոգու, վիրավորեց տասնյակից ավելի մարդու՝ հավանաբար վրեժ լուծելով, որ իրեն հեռացրել էին դպրոցից՝ կարգապահական կանոնները խախտելու համար:

Ինչպե՞ս կարելի է կանխել կամ, համենայնդեպս, նվազեցնել նման հանցագործությունների թիվը: Առաջին բանը, որ մտքովս անցավ, անհրաժեշտ է խստացնել հրազենի վաճառքի կանոնները:

Բայց երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամաբանությունը ճիշտ հակառակն է: Ըստ նրա՝ պետք է զենք բաժանել նաեւ ուսուցիչներին, սովորեցնել նրանց տիրապետել զենքին, որպեսզի նրանք ցանկացած նման հարձակման ժամանակ կարողանան դիմադրություն ցուցաբերել:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ճակատամարտեր են տեղի ունենալու զինված աշակերտների եւ զինված ուսուցիչների միջեւ, եթե նրանց շարքերում հայտնվեն ոչ ադեկվատ մարդիկ: Իսկ այդպիսի մարդիկ, իհարկե, կան ցանկացած երկրում եւ բոլոր հասարակություններում:

Եվ այդ «հարձակման-պաշտպանության» մենամարտում հաստատ հաղթելու է ոչ թե նա, ով ավելի արդար է, այլ նա, ով ավելի ահեղ զենք ունի: Եվ ի՞նչ է տվյալ դեպքում նշանակում «հաղթել»: «Հակառակորդ» կողմից ավելի շատ մա՞րդ կոտորել: Աշխարհի մոդելը, որը հիմնված է ուժային հակադրության, անվերջ մրցակցության, թույլին մշտապես ճնշելու վրա, այդ մոդելն, իմ կարծիքով, իրեն սպառել է: Ինչի՞ց է դա երեւում: Դե, իհարկե, այդ նույն աշխարհի վիճակից, որտեղ ամեն վայրկյան հակամարտություններ են բռնկվում, եւ պայթյուններ են որոտում:

Մարդկանց զինաթափելու փոխարեն զինել նրանց, դարձնել ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի՝ դա վաղուց արդեն «փորձարկված» փակուղային տարբերակ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս