Գևորգ Կոստանյանն Արման Մելիքյանին մեղադրեց անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ

«Ես լսեցի, որ բանախոսներից մեկն անպատասխանատու հայտարարություններ արեց, և որոշեցի դրանց արձագանքել»,- այսօր ԱԺ-ում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը հայտարարել է, որ 2006-2007 թվականներին ՄԻԵԴ ընդունած վճիռների շնորհիվ ուրվագծվեց հակամարտության գոտին, որից դուրս են մնացել 400-450 հազար հայեր: Ըստ նրա՝ այդ գործերը հատուկ ընտրված են եղել Եվրոպայից մոտ 2 միլիոն դոլարի գրանտ ստացած հ/կ-ի կողմից:

Գ. Կոստանյանը նշեց, որ ՄԻԵԴ ներկայացված են շուրջ 700 հայցեր բոլոր փախստականների անունից և կողմից՝ և՛ Արծվաշենի, և՛ Բաքվի, և՛ Սումգայիթի, և՛ Շահումյանի.

«Այսինքն՝ չկա մի տարածք, որտեղից մենք ունենք փախստական, և նրանց անունից կամ կողմից հայց չի ներկայացվել: Սա անբեկանելի փաստ է: Երկրորդ՝ ՄԻԵԴ-ը կայացրեց վճիռ Սարգսյանի և Չիրագովի հետ կապված: Արդյոք հատուկ ընտրված գո՞րծ էր Սարգսյանի գործը, որը վերաբերում էր Գետաշենից արտագաղթած մեր փախստականին. ո՛չ: Արդյոք դա բացառե՞ց մյուս բնակավայրերից փախստականների հայցի քննարկում: Իհարկե՝ ոչ: Այդ բոլոր գործերը, որոնք ներկայացված են ՄԻԵԴ-ին, բոլորն էլ քննվելու են: Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ սա նախադեպ է, որը տարածվելու է անխտիր բոլոր փախստականների վրա»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ի պրակտիկային սիրողական էլ չէ, լուրերի մակարդակով ծանոթ լինելու պայմաններում՝ որևէ մեկը չի կարող նման հայտարարություն անել: Գ. Կոստանյանի դիտարկմամբ՝ այդ ամեն ինչն արվել է նրա համար, որ մեր փախստականներն իրենց գույքային իրավունքի վերականգնման հարցով երաշխավորված լինեն: Սա չգիտակցել, չհասկանալ, չգիտեմ՝ ինչ բառով արտահայտեմ, բայց ինձ համար ընդունելի չէ»:

Ա. Մելիքյանի այն հայտարարությունը, թե ինչ-որ հ/կ 2 միլիոն դոլարի գումար է ստացել՝ հատուկ գործերը ՄԻԵԴ ուղարկելու համար, Գ. Կոստանյանը դիտում է՝ որպես հաղորդում հանցագործության մասին.

«Եթե մեր բանախոսը պնդում է իր տեղեկատվությունը, ես շնորհակալություն կհայտնեմ»:

Ա. Մելիքյանն էլ հայտարարեց, որ ինքն ամենևին նկատի չի ունեցել, որ այդ գործերի հետ աշխատող մարդիկ հատուկ ընտրություն են կատարել, որպեսզի Եվրոպական դատարանում առաջինը քննվեն հենց Շահումյանից, Քարվաճառից փախստական անձանց գործերը. «Իմ հանդիմանանքն ուղղված է առաջին հերթին՝ ՄԻԵԴ-ին, որը քաղաքական ընտրություն է կատարել տվյալ հարցում և քաղաքական որոշում կայացրել»:

Ա. Մելիքյանը նաև նշեց, որ հ/կ-ի ստացած գումարի մասով ինքը մի գրավոր աղբյուրում է կարդացել, որտեղ գրված է եղել, որ գործընթացը եղել է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում. «Ես կփորձեմ ճշտել այդ աղբյուրը, թեև 10 տարուց ավելի ժամանակ է անցել, և դրանից հետո կհանձնեմ ձեզ»:

Տեսանյութեր

Լրահոս