«Ես պարոն Կոստանյանին կխնդրեմ ձեզ հանդիպել ու այդ առումով ժամացույցի սլաքներն ուղղել». Սամվել Ֆարմանյանը՝ Արման Մելիքյանին
«Սումգայիթյան դեպքերը տեղի են ունեցել կազմակերպված ու խորհրդային իշխանությունների թողտվության պայմաններում»,- այսօր Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ըստ նրա՝ մենք պարտավոր ենք արձանագրել, որ այդ ցեղասպան գոծողություններ իրականացնողները չեն հասել իրենց նպատակին, ձախովել են. «Այո, դա արժեցել է մեր ամբողջ ժողովրդի համար ևս մեկ տրավմա, բայց այն նպատակը, որ դրվել էր և՛ խորհրդային, և՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից, չեն հասել իրենց նպատակին: Արցախյան շարժումը ծավալվել է, և Արցախն ազատագրվել է»:
Ս. Ֆարմանյանի խոսքով՝ Ադրբեջանում շարունակվում է իրենց ազգային ինքնության ձևավորման, տրանսֆորմացիայի մի շատ հետաքրքիր գործընթաց, որտեղ հայատյացությունն առանցքային նշանակություն է ձեռք բերում:
Նա նաև անդրադարձավ ԱԺ-ում ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանի ելույթին. «Իհարկե, փախստականների խնդիրները պետականության առանցքում պետք է լինեն, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց փախստականների խնդիրներով համապարփակ զբաղվելու կամ լուծումներ գտնելու խնդիրը բերել հանգեցնել հակամարտության կարգավորման հեռանկարներին, առավել ևս, դա կապել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում զուգահեռ քննված երկու գործերով վճիռների հետ, ես համարում եմ ոչ այնքան հիմնավոր կարծիք:
Շատ հեռու են իրականությունից այն թեզերը, ինչ դուք, պարոն Մելիքյան, հնչեցրեցիք: Կարծում եմ՝ այդ գործերը, որոնք ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռներ, դեռևս այդ վճիռների կյանքի կոչման տեսանկյունից մեծ քննարկումների կարիք կա երկու կողմերի համար էլ, և դա որևէ առումով չի կանխորոշում բանակցային գործընթացը: Այստեղ, կարծում եմ, նաև մասնագիտական օղակների հետ լրացուցիչ շփումների անհրաժեշտություն կա, ես պարոն Կոստանյանին կխնդրեմ, եթե ձեզ հետաքրքիր է, ձեզ հանդիպել ու այդ առումով ժամացույցի սլաքներն ուղղել»: