«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է լիովին հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից. ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն դեմ քվեարկեցին
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն տրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի և Վահե Էնֆիաջյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին։
Ն.Զոհրաբյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է լիովին հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցնել պարզ համամասնական ընտրակարգի։ Ըստ հեղինակների՝ ներկայիս համամասնական ընտրական համակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից, և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական ընտրակարգը, և 2017 թ. ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրական համակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև, որտեղ գաղափարական և ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումների ժամանակ իշխող քաղաքական ուժի պատասխանատուներն ուլտիմատում ներկայացրեցին և հայտարարեցին, որ իրենց համար անընդունելի է տարածքային ցուցակներից հրաժարվելը, մինչդեռ Հայաստանը բացառիկ երկիր է, որտեղ գործում է այս ընտրակարգը։
«ՀԱԿ-ը ևս գտնում էր, որ այս ընտրակարգն անընդունելի է, իսկ մեզ համար անընդունլի է ՀՅԴ-ի մոտեցումը՝ սպասել, մինչև ՀՀԿ-ն կհամոզվի, որովհետև դա կարող է տևել ևս 125 տարի։ Այս ընտրակարգն օր առաջ պետք է փոխվի։ Ցանկացած ընտրակարգ ընդունելի է, եթե ընտրությունները տեղի են ունենում օրենքի շրջանակներում և չեն կեղծվում։ Իսկ ապրիլի 2-ին աշխատեց փող=վարկանիշ տարբերակը»,- ասաց Ն.Զոհրաբյանը։
Հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ աշխարհի որևէ երկրում չկա մոդել, որ նույնությամբ կրկնի մեկ այլ երկրի մոդելը, իսկ բաց համամասնական ցուցակների մոդելը տարբեր վարիացիաներով տարածված է եվրոպական 20 երկրներում։ ԸՕ ընդունման ամենակարևոր առանձնահատկությունը, ըստ նրա, եղել է այն, որ օրենքն ընդունվել է կոնսենսուսով, և այն ժամանակ ԲՀԿ-ն ևս կողմ է քվեարկել. «Նստել այստեղ ընտրություներից 4 տարի առաջ, խոսել այն մասին, որ դուք առաջարկեք, մեծամասնությունը համաձայնի, ճիշտ տարբերակ չէ։ Մեծ քաղաքական կոնսենսուսով կայացած որոշումը չենք կարող այսպես միանգամից փոխել։ Անհրաժեշտ են քննարկումներ, դեբատներ և կրկին քաղաքական կոնսենսուսի կայացում»։
Ն.Զոհրաբյանը պնդեց, որ այս օրենքի կիրարկումը ցույց տվեց, որ այս մոդելը մեր քաղաքական մշակույթում ուղղակիորեն չի աշխատում։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ այս ԸՕ արդյունքում ԱԺ-ում 46 լռող պատգամավոր կա։
ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս առաջարկը չի՞ ծագել նրանից, որ «Ծառուկյանը» գոհ չէ ընտրությունների արդյունքից, և խոսքը բոլորովին ընտրական համակարգի լավ կամ վատ լինելը չէ։
«Կներեք, մեր փոխարեն՝ Արփինե Հովհաննիսյանը ինչպե՞ս կարող է պատասխանել «Բարգավաճ Հայաստանի» դեմ ուղղված հարցին»,- դժգոհեց Ն.Զոհրաբյանը։
«Ես եմ որոշում՝ ում հարցը տամ»,- հակադարձեց Գ.Կոստանյանը։
«Դուք ասում եք՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանին» չի բավարարել։ Տիկին Հովհաննիսյանն ի՞նչ գիտի մեր քաղաքական որոշման բովանդակությունը»,- վրդովվեց Ն.Զոհրաբյանը։
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունն ընդունել է 4 առաջարկներից 4-ը, մերժել է 1-ը, և դա քաղաքական կոնսենսուս է, ոչ թե ուլտիմատում. «Փաթեթային քննարկում է եղել, 5 պահանջ է ներկայացված եղել, և կոնսենսուս եղել է այդ 5-ի շուրջ»։
Նա նկատեց, որ լռող թե խոսող պատգամավորներին յուրաքանչյուր քաղաքական ուժում որոշում են պատգամավորներն իրենք, բայց դա ընտրական մոդելով պայմանավորելը ճիշտ չէ։
«Քրեական դատավարության նոր հայեցակարգում լռելու իրավունքը կա, կարող է՝ մարդիկ ուզում են օգտվել այս իրավունքից»,- կատակեց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ՝ «ուղղակի ոմանք ընդհանրապես խոսել չգիտեն», Ա.Հովհաննիսյանը հակադարձեց. «Ոմանք էլ շատ են խոսում, միևնույն է, դրանից շատ բան չի փոխվում»:
Է. Մարուքյանի խոսքով՝ կոնսենսուսով այս օրենքն ընդունած քաղաքական ուժերը կա՛մ չեն անցել ԱԺ, կա՛մ դեմ են օրենքին։ Նա արձանագրեց, որ «Ելքը» միակ ուժն է, որ ստացել է ամենաշատ համամասնական ձայնը, կոնսենսուսի մեջ իրենք չեն եղել և դեմ են եղել այս համակարգին, որը բրենդերի պայքար է, ոչ թե քաղաքական գործիչների։
Ն.Փաշինյանն կարևորեց արձանագրել, որ «4+4+4» քննարկումների ժամանակ կոնսենսուս չի եղել ընտրակարգի շուրջ, այլ եղել է ԵՄ-ի կողմից հատկացվող գումարների ծախսման ուղղությունների շուրջ, տեսախցիկների տեղադրման, անունների ցանկերի հրապարակման շուրջ։
Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, քանի որ, եթե գրված է՝ համամասնական, դա դեռ չի նշանակում՝ համամասնական, քանի որ ՀՀԿ-ականները, ասելով՝ կարմիր, երբեմն նկատի են ունենում՝ սև, երբեմն՝ նարնջագույն, երբեմն՝ սպիտակ, և երբեմն՝ նույնիսկ բազկաթոռ։
«Եթե ինչ-որ մարդ կա, որ Հովհաննես Թումանյան չի կարդացել, կամ կարդում է, չի հասկացել, չի նշանակում, որ այդպիսի գրող չկա։ Այդպիսի գրող կա, և այդ մարդու խնդիրն է՝ գիտի՞ այդ մասին, թե՞ ոչ»,- հեգնեց ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը։
Նա ուշադրություն հրավիրեց Ռուսաստանի օրինակի վրա, որտեղ պարզ համամասնական ընտրակարգ է, բայց Կոմկուսի ցուցակի առաջին տասնյակում օլիգարխներ են։ Հ.Թովմասյանի կարծիքով՝ լավ ու վատ ընտրական համակարգեր չկան, իսկ ՀՀ-ի վերջին ընտրությունները մեր և միջազգային հանրության կողմից ընկալվում են էականորեն դրական տեղաշարժ ունեցող։ Նա հորդորեց հանել նախագիծը, առավել ևս՝ ընտրությունները «մեր քթի առաջ չեն և ժամանակ կա»։
Ի վերջո, հեղինակները նախագիծը հետ չվերցրեցին, այն դրվեց քվեարկության և ստացավ 9 դեմ, 5 կողմ ձայն: Դեմ էին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: