«Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ». Սերգեյ Բագրատյանը՝ Լևոն Մկրտչյանին
«Ինձ անհանգստացում է նախագծով բազմաթիվ կետերում տեղ գտած խտրականության դեպքերը»,- այսօր Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա նկատեց, որ Կրթության մասին օրենքի նախագծում նշված է, որ կենսաթոշակային տարիքի գիտնականն այլևս չի կարող մասնակցել այն մրցույթներին, որոնք թափուր են բուհերում.
«Նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքել գիտանականի հետ: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, սուբյեկտիվիզմ կա: Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այդ նվաստացուցիչ գործողությունը, գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է՝ ընդունի՞, թե՞ չէ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ նշեց, որ մենք երիտասարդ սերնդի գիտնականների խնդիր ունենք, ոչ թե՝ ավագ. «Մեր ամբիոններում 5-7 տարի հետո գիտնական չենք ունենալու, որ շարունակեն, որովհետև այդ 70 տարեկան մարդիկ էլ շատ հաճախ իրենց ընկերներով աշխատում են: Դուք ինչ լուծում տաք, մենք պատրաստ ենք քննարկել, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ թվեր ունենք»: