ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին
Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։ Հիմնական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ acer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry)։
«Թումո»-ն հպարտ է Հայաստանի ՏՏ և կրթական ոլորտը նման առաջադեմ միջազգային հարթակներում ներկայացնելու, առաջատար ընկերությունների և մասնագետների ուշադրությունը մեր երկրին և դրա երիտասարդ ներուժին դարձնելու համար։ Հուսով ենք՝ այս հաղթանակը էլ ավելի կնպաստի հայկական նախագծերի ճանաչմանը և գնահատմանը ՏՏ միջազգային ասպարեզում»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։