«Արմեն Սարգսյանը համակարգի մարդ է և անցնում է համակարգում ծառայության». Ռուբեն Մեհրաբյան
Արմեն Սարգսյանի որոշումը` համաձայնել լինել ՀՀ նախագահի թեկնածու, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համար անսպասելի չէր:
«Ամեն ինչը սպասելի էր, որևէ անսպասելի կամ զարմանալի բան տեղի չունեցավ, հիմքեր էլ չկային, որպեսզի տեղի ունենար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց նա:
Քաղաքագետի կարծիքով` Արմեն Սարգսյանը լինելու է նախագահ, որը կատարելու է զուտ ներկայացուցչական ֆունկցիաներ, փորձելու է նաև ինչ-որ բարոյական հարթության մեջ ներգործության միջոցով հասարակական համերաշխությանն ուղղված ինչ-որ քայլեր անել.
«Բայց կարծում եմ՝ դա ոչ թե լինելու է մի ֆիգուր, որ ինչ-որ բան է փոխելու, այլ ֆիգուր, որ եղածը պետք է պահի, պահպանի, և անհրաժեշտության դեպքում էլ նաև նպաստի վերարտադրությանը»:
«Նա, այնուամենայնիվ, համակարգի մարդ է և անցնում է համակարգում ծառայության, որպեսզի կատարի իր մասով համակարգի ֆունկցիաները»,- հավելեց Ռ.Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ, Հանրապետության նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության և սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ:
Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է և դրանց արդյունքում կայացրել իր որոշումը, և համաձայն է: