
Օլիմպիական խաղերի շորթ-տրեկի չեմպիոնները Հարավային Կորեայի և Կանադայի ներկայացուցիչներն են

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շորթ-տրեկ կանանց 1500 մետրի չեմպիոն դարձավ հարավակորեացի մարզիկ Չոի Մինջեոգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «սպիտակ խաղերի» կանանց շորթ-տրեկի 1500 մետր մրցաձևում առաջին եզրագիծը հատեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չոի Մինջեոգը: Նա մրցահատվածը անցավ 2 րոպե 24.948 վայրկյանում: Երկրորդ տեղում չին Լի Ջինյուն է, ով գրանցեց 2 րոպե 25. 703 վայրկյան արդյունք: Բրոնզե մեդալ նվաճեց կանադուհի Կիմ Բուտինը (2 րոպե 25.834 վայրկյան):
Շորթ-տրեկի տղամարդկանց 1000 մետրում չեմպիոն դարձավ Կանադան ներկայացնող Սամուել Ժիրարը: Նա գրանցեց 1 րոպե 24. 650 վայրկյան արդյունք: Արծաթե մեդալակիր դարձավ ամերիկացի մարզիկ Ջոն-Հենրի Կրյուգերը (1 րոպե 24.864 վայրկյան), իսկ բրոնզին արժանացավ Հարավային Կորեան ներկայացնող Սո Ի Րան (1 րոպե 31.619 արդյունք):
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: