«Ադրբեջանում ինչ-որ բան փոխվել է. հենց Արմեն Սարգսյանը պետք է զբաղվի Արցախի հարցով». Արամ Գ. Սարգսյան
«Հաշվի առնելով այն, որ հանրապետության ապագա նախագահը լուրջ դիվանագիտական փորձ ունի, ես կարծում եմ՝ Արցախի հարցը պետք է տեղափոխվի իր տիրույթ, որովհետև հենց ինքը պետք է կարողանա Արցախի հիմնահարցի վերաբերյալ անցկացնել դիվանագիտական լրջագույն աշխատանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը՝ ընդգծելով, որ կարդալով Ռասիմ Մուսաբեկովի հարցազրույցը՝ կարծում է, որ Ադրբեջանում ինչ-որ բան է փոխվել։
«Մուսաբեկովը պատահական անձ չէ, ես նրա հետ բանակցային գործընթացում հանդիպել եմ, և նա հանկարծ առաջարկում է այս տարի Արցախի հարցում գնալ փոխզիջումային տարբերակների և շատ հետաքրքիր փոխզիջումային տարբերակ է առաջարկում։ Ասում է՝ եթե մի երկու շրջան Հայաստանը տա, մենք դրա դիմաց տրանսպորտային ճանապարհները բաց անենք, ապա դա կսկսի գործընթաց, որը կբերի խաղաղության։ Ես չեմ ցանկանում երկարացնել, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանն ասում է, թե ընտրությունների ժամկետը տեղափոխել են, որպեսզի կարողանան Արցախի հիմնահարցն անընդհատ պահել բանակցային գործընթացի տեմպի մեջ։ Դա նշանակում է, որ նրանք ինչ-որ բանից լրջագույն մտավախություն ունեն, ինչն էլ նշանակում է, որ մենք հիմա պատասխանատու փուլ ենք մտնում, և կարևոր է, որ այն մարդիկ զբաղվեն այդ գործով, որոնք նախաձեռնող են, գիտակ են և այդ հարցերից տեղյակ են։ Ես կարծում եմ՝ դա Արմեն Սարգսյանի ոլորտը պետք է լինի»,- ասաց Սարգսյանը։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում խոսելով բանակցային գործընթացի և փոխզիջումների մասին՝ մասնավորապես ասել է. «Հնարավոր է՝ հակամարտության կողմերը փորձում են ելք գտնել փոխանակումների ավելի մանր քայլերում՝ շարժվելով առաջ, չստանալով ամեն բան միանգամից, այլ քայլ առ քայլ, անելով զիջումներ, և փոխարենը՝ որոշակի բոնուսներ ստանալով:
Օրինակ՝ «Շրջանակային համաձայնագրի» ընդունմամբ անմիջապես 2-3 շրջան ազատվում է, որն ուղեկցվում է խաղաղապահ գործողությամբ և Հայաստանի համար Ադրբեջանի ու Թուրքիայի հաղորդակցությունների բացմամբ: Դա այնքան էլ քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը կարող է երկաթուղային ելք ունենալ՝ Թուրքիայով դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք, իսկ Ադրբեջանովէ դեպի Իրան, ինչպես նաև՝ Ռուսաստան, Կենտրոնական Ասիա և Չինաստան: Լեռնային Ղարաբաղը կարող է օդային հաղորդակցություն իրականացնելու Բաքվի հավանությունը ստանալ»։