![](/banners/BeFunky-design.jpg)
«Երկրում առկա խնդիրների ցանկը բավականին մեծ է». Արմեն Սարգսյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Armen-Sargsyan-7.jpg)
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը գտնում է, որ երկրում առկա խնդիրների ցանկը բավականին մեծ է, սակայն միևնույն ժամանակ նկատում է, որ մեծ է նաև դրանց հնարավոր լուծումների ցանկը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` ախտորոշե՞լ է Հայաստանում առկա խնդիրները և ինչպե՞ս է պատկերացնում դրանց լուծումը, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանի հասարակությունը շատ լավ ծանոթ է երկրում առկա խնդիրներին, և պետք չէ, որ ինչ-որ մեկը գա և տա դրանց ախտորոշումը:
«Բնական է, որ հարկավոր է իմի բերել այդ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, ունենալ հստակ ծրագիր տարբեր ուղղություններով` սկսած ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, կրթական համակարգի բարեփոխումներից, ինչը ինձ համար շատ կարևոր է, վերջացրած քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նա նշեց, որ կարևոր է ՀՀ քաղաքացիների մոտ վերականգնել հույսն ու հավատը լավ ապագայի նկատմամբ: