Արգելվել է «Երկիր Ծիրանի»-ի մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի. «Ազատություն»
Այսօր արգելվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրել է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ դա կապելով երեկվա բռնության հետ։
«Շուրջ 100 ոստիկան կա այս տարածքում, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կան, ու մեքենաների մեջ մարդիկ կան, որ չի երևում, թե ինչ ծառայություն են այստեղ իրականացնում։ Ներսում նույնպես բազմաթիվ ոստիկաններ կան, և պարզ չէ, թե ինչ են այստեղ անում։
Տարօրինակ է, որ քաղաքի կենտրոնում՝ տեղական ինքնակառավարման մարմնում, այսքան ոստիկանական ուժեր են կուտակվել, բացի այդ՝ այս ոստիկանական ուժերն արգելք են հանդիսացել, որպեսզի մեր խմբակցության մեքենան մուտք գործի այս տարածք։ Այս վեց ամիսների ընթացքում մուտքն այստեղից է եղել, այսօր թույլ չեն տալիս և պատճառաբանություն չեն ներկայացնում», – «Ազատության» հետ զրույցում ասել է Փոստանջյանը՝ նշելով, որ փաստացի խոչընդոտվում է խմբակցության աշխատանքը։
Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձեցին քաղաքապետին փոխանցել Նուբարաշենի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը. ավագանու անդամ ընդդիմադիր երեք կանայք նախ հագան բժշկական ձեռնոցներ, դրեցին բժշկական դիմակներ և բացեցից իրենց հետ քաղաքապետարան բերված ապակյա տարաները։