Ինչ կատարվեց ավագանու նիստի ժամանակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում կատարվածին որակում տալն իսկապես դժվար է: Չնայած հայերենը հարուստ լեզու է, սակայն բառերն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձում էին իրենց պատկերացումների շրջանակներում բարձրացնել Նուբարաշեն համայնքի խնդիրը` կոյուղաջրերով տարաները «նվիրելով» քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Քաղաքապետը, տեսնելով նիստի ժամանակ այդ տարաներով իրեն մոտեցող ավագանու անդամներին, սկսեց իրար խառնվել` հրահանգելով. «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ-շուտ»:
Ու ավագանու կին անդամների վրա հարձակվեցին քաղաքապետարանի աշխատակիցները` փորձելով իրենց անձը զոհելով` փրկել շեֆին գարշահոտությունը մի քանի րոպեով շնչելու անախորժությունից:
Չստացվեց. կոյուղաջրերը լցվեցին քաղաքապետի սեղանին, հոտը տարածվեց ողջ դահլիճում, եւ իշխանավորները մի պահ զգացին այն, ինչ ամեն օր զգում ու շնչում են նուբարաշենցիները:
Հետո ավագանու նիստում սկսվեց ծեծկռտուք. ՀՀԿ-ականները՝ տղամարդիկ, հարձակվեցին, ապտակեցին «Երկիր ծիրանիի» կանանց` քաշքշելով նրանց մազերից, իհարկե, ստանալով մի քանի պատասխան ապտակ:
«Ժողովուրդ»-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանն իր ենթակաների վրա խիստ բարկացել է, որ չեն կարողացել ժամանակին ավագանու անդամների «դեմն առնել» եւ չեն կարողացել կանխել, որ կոյուղաջրերը չթափեն: Ամենանողկալին ավագանու ՀՀԿ-ական կանանց պահվածքն էր, երբ հարցազրույցներում արդարացնում էին ընդդիմադիր կին գործընկերներին ծեծելը: Իսկապես, ինչեր ասես, որ չեն անի հանուն շեֆի ՀՀԿ-ականները՝ կատաղած:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: