«Երբեք չենք ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու»
Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակվելու է: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին ատոմակայանի վերազինման և վերակառուցման ծրագրի շրջանակում բավական խոշոր աշխատանք է կատարվել, այդ համատեքստում 2018 թ-ի առաջին 5 ամիսը լինելու է վերակառուցման ակտիվ փուլ:
«Այստեղ հիմնականում ներդրումներն ուղղված են անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այս վերակառուցման ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք առնվազն տասը տոկոս հզորության ավելացում՝ իր էֆեկտիվության հաշվին»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ Ատոմակայանը փակելու մասին դիտարկումներին` նշելով, որ երբեք չեն ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու: Նա տեղեկացրեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անում և եզրակացություններ ներկայացնում:
«Մենք նախատեսում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը երկարաձգել: Նույն ԵՄ-ում նմանատիպ բլոկերը երկարացվել են ոչ թե 10, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում: Իհարկե, մենք պետք է հասկանանք, թե երբ ենք դա ապագործարկելու, ինչպես նաև այս ուղղությամբ մեր հետագա քայլերը: Ոչ մեկ չի ասում, որ մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու, բայց մեր ներդրումներն ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը և միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք»,-ասաց նա: Հայկ Հարությունյանը հավելեց, որ 1995-2015 թվականներին այդ ուղղությամբ 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել: