«Կարելի է ղեկավարել կառավարելով և կարելի է ղեկավարել առաջնորդելով». Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի գնահատմամբ՝ Հանրապետության ապագա նախագահի լիազորությունները բավականին մեծ են:
Երևանի ֆիզմաթ դպրոցում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ տարբեր օրենքներով ՀՀ ապագա նախագահին զրկում են բազմաթիվ լիազորություններից, ասաց.
«Այս պահին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն եմ և օրենքների ընդունման վրա ազդեցություն չունեմ: Ես ուշի ուշով հետևում եմ զարգացումներին և կարող եմ ասել, որ ապագա նախագահին Սահմանադրությամբ տրված են բավականին լայն լիազորություններ»,- նշեց Սարգսյանը:
Նա նշեց, թե Հանրապետության ապագա նախագահի պաշտոնին ինքն ավելի լայն տեսանկյունից է նայում: «Կարելի է ղեկավարել կառավարելով և կարելի է ղեկավարել առաջնորդելով: Կառավարելով ղեկավարելու դեպքում անհրաժեշտ են լծակներ, իսկ առաջնորդելու դեպքում կարելի է ղեկավարել գաղափարներով, ծրագրերով և տեսլականով»,- ասաց նա:
Հարցին, թե որոշում կայացրե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում, նա պատասխանեց, որ իր որոշման մասին կհայտնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպման ժամանակ: