Շիրակի մարզը հավակնում է դառնալ ելակ արտահանող
Հացահատիկի ու կարտոֆիլի շտեմարանից՝ ելակ արտահանող մարզ. Շիրակը փոխում է իր գյուղատնտեսական դեմքը:
Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա ֆրանսիական կոնստրուկցիաներով նորահիմն ջերմոցում աճեցվում է անգլիական «Ալպիոն» տեսակի ելակ: Կաթիլային եղանակով՝ ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով գործող ջերմոցում աճեցված ելակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ ելակի անգլիական սորտը ներկրված է Նիդերլանդներից, հողին փոխարինում է Շրի Լանկայից ներմուծված կոկոպիտը՝ կոկոսի մազիկները, այլ նաև նրանով, որ Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով՝ խուսափելով քիմիական նյութերի օգտագործումից: Այսպիսով` ստացվում է բիոլոգիական մաքուր ելակ: Տեղական միայն ջուրը, արևն ու աշխատուժն է՝ կատակում են աշխատակիցները: Նման եղանակով բերքի արդյունավետությունն է նաև մեծ՝ մոտ 5 անգամ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը, ընկերության առաջին նախագիծն է, բայց ցանկություն կա ընդլայնվելու, իսկ թե ինչպես՝ ցույց կտա առաջին բերքահավաքը և վաճառքի քանակը: «Բերք սպասում ենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում: Տեղում սպառում իրականացվելու է բերքի մոտ մեկ երրորդը, բայց հիմնականում արտահանումը կլինի արտերկիր՝ մեծ քանակությամբ մասնավորապես ՌԴ»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ ելակի ընտրությունը պատահական չէ. ելակը «աներես» կարելի է համարել, իսկ տարածքի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ բերքի ակնկալիքները մեծ են: Ջերմոցը նաև աշխատատեղերի հարց է որոշ չափով մարզում լուծում. այս պահին 11 աշխատակից ունի, բայց առաջիկայում աշխատողների թիմը կավելանա:
«Հացահատիկի ու կարտոֆիլի շտեմարան համարվող Շիրակում ելակի նմանատիպ ջերմոցային արտադրությունը նորամուտ ու փորձնական համարենք»,- նշեց Անդրանիկ Իգնատոսյանը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով փետրվարի 10-ին անձամբ եղավ ջերմոցում ու ծանոթացավ իրականացվող աշխատանքներին, «Արմենպրես»-ին նշեց, որ սա մարզում ավանդականից ավելի դեպի ինտենսիվ գյուղատնտեսության անցման լավագույն օրինակն է: «Սա առաջին օրինակն է, կատարվել է մեծ ներդրում ՝ սածիլները, սարքավորումները, նույնիսկ մեղուներն են դրսից բերված և այս օրինակը շատ ոգևորիչ է և սրանով ցույց ենք տալիս, որ կարելի է փոխել այն կարծրատիպը, որ Շիրակի մարզը միայն ցորենի, գարու ու կարտոֆիլ մարզ է, այսուհետ մարզը նաև օրգանական ելակ արտահանող մարզ է լինելու: Սրանով գյուղատնտեսությունը դարձնում ենք ոչ միայն գոյության աղբյուր, այլ բավականաչափ բարեկեցիկ կյանքի միջոց: Իմ նպատակն այն է, որ Շիրակի մարզի մասին խոսելով չհասկանանք միայն ցորեն ու կարտոֆիլ, այլ նաև օրգանական, բնական ելակ»,-նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ այս քայլին կհետևեն նաև այլ ներդրողներ:
Պատասխանատուները վերջում խոստացան՝ ելակը մարզում շատ մատչելի կլինի:
Արմենուհի Մխոյան