«Ինչպես Հայաստանում են Ալիևին ընդունում, ժամանակին Եվրոպայում այդպես ընդունել են Հիտլերին, հետո գլխներին են տվել». Լևոն Շիրինյան

«Դա Ադրբեջան պետության ստրատեգիական նպատակն է, որը միշտ եղել է, բայց այս կամ այն կերպ քողարկել են։ Հայաստանում էլ դա դիտել են՝ որպես հակահայ քարոզչություն, և անընդհատ խուսափել են ճշգրտել Հայաստանի դիրքորոշումը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Երևանն ու Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողերն են։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը զրկվում է ընտրության հնարավորությունից և պետք է պատրաստվի մեծ պատերազմի. «Ինչպես Հայաստանում են Ալիևին ընդունում, ժամանակին Եվրոպայում այդպես ընդունել են Հիտլերին, ասել են՝ այս ծաղրածուն ի՞նչ է անում, հետո գլխներին են տվել։ Հայաստանի քաղաքական պատմությունն ապացուցում է, որ, երբ ժամանակը ձգում ես, յոլա գնալու քաղաքականություն ես վարում, հետո վատ է լինում։ Հայաստանը պետք է նախապատրաստվի քուռ-արաքսյան հանրապետության ստեղծմանը, այսօրվանից կուտակի ռեսուրս, արդյունաբերությունը վերականգնի, գիտությունը վերագործարկի և իրական մշակույթ ստեղծի։ Եթե այս հարցերը լուծի, պատերազմը կվերանա, եթե՝ ոչ, ապա Ալիևը բացահայտ հայտարարում է իր նպատակի մասին։ Ես կարծում եմ, որ մենք այս խաղաղ ապրելու, օտարի հետ լեզու գտնելու քաղաքականության մեջ միշտ ձախողվել ենք ու միշտ ձախողվելու ենք։ Այս վաշխառուական կապիտալի երկիրը, որը նստած է ներդրումների վրա և սպասարկում է օտարերկրյա կապիտալի շահերը, ոչինչ չի տա»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին, Շիրինյանն ասաց, որ բանակցային գործընթացում որևէ փոփոխություն դրանից չի կարող լինել. «Ամերիկան և Ֆրանսիան առանձնապես տարածաշրջանով հետաքրքրված չեն, իսկ Ռուսաստանին ձեռնտու չէ կայուն ռազմաճակատի գիծ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, նա միշտ սադրելու է։ Երբ ասում են՝ դիտորդների թիվն ավելացնենք, բայց հենց թվերն ավելացնելու ժամանակը գա՝ դա վիժեցնելու են»։

Շիրինյանը նկատեց՝ ապրիլյան պատերազմի նախօրյակին և՛ Մինսկի խումբը կար, և՛ ՀԱՊԿ-ն կար, և՛ Հայաստանը ՌԴ-ի իբր դաշնակիցն էր, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը իրենց տեղում էին, բայց պատերազմ եղավ. «Քաղաքագիտությունը պարտավորեցնում է տեսնել փաստերն այնպես, ինչպես դրանք կան»։

Տեսանյութեր

Լրահոս