Facebook-ը սկսել է փորձարկել Dislike-ը, որին կտա այլ անուն
Facebook-ը փորձարկում է նոր հնարավորություն, որի միջոցով օգտատերերը կարող են արտահայտել իրենց բացասական վերաբերմունքն այս կամ այն մեկնաբանության վերաբերյալ: Նոր գործառույթը կկոչվի «downvote», որը բառացի նշանակում է՝ «դեմ քվեարկել»:
The Daily Beast-ը գրում է, որ այս շաբաթվա ընթացքում որոշ օգտատերեր նկատել են նոր ստեղն, որը թույլ է տալիս բացասական արտահայտվել մեկնաբանությունների կամ խմբային գրառումների մասին: Աղբյուրը հրապարակում է նաև մի քանի սքրինշոթեր:
Facebook-ից պատասխանել են, որ իրենք փորձարկում են Dislike-ի համակարգը:
«Մենք ուսումնասիրում ենք գարծառույթ, որը թույլ կտա արտահայտվել մեկնաբանությունների և հրապարակային գրառումների մասին: Փորձարկումներն ընթանում են ԱՄՆ-ում և շատ փոքր լսարանի համար են»,- նշել են ընկերության ներկայացուցիչները:
Նոր գործառույթը հնարավորություն կտա նվազեցնել մեկնաբանության տեսանելիությունը. որքան շատ բացասական ձայներ լինեն, այնքան քիչ հասանելի կլինի մեկնաբանությունը կամ հրապարակային գրառումը: Այս գործառույթը նախատեսված է նրա համար, որ սոցցանցում քչանան վիրավորանքը,տրոլինգը: Սակայն, միջազգային մամուլը նշում է նաև, որ այս գործիքը հնարավորություն կտա սոցցանցի միջոցով ագրեսիա արտահայտել:
Նախորդ անգամ dislike ստեղնի մասին խոսվեց 2016-ին, սակայն դրա փոխարեն՝ սոցցանցում հայտնվեցին գրառումն ու մեկնաբանությունները տարբեր էմոցիաներով գնահատելու ստեղները:
Սիրարփի Աղաբաբյան