Ռուս մարզիկներն առաջին մեդալն են նվաճել Օլիմպիական խաղերում
Ռուս մարզիկներն առաջին մեդալն են նվաճել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Տղամարդկանց 1500 մետր շորթ-տրեկի եզրափակչում Սեմյոն Ելիստրատովը, մրցատարածությունն անցնելով 2:10.687 արդյունքով, գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Լիմ Հյո Ջունը: Արծաթե մեդալակիր է դարձել Նիդերլանդների ներկայացուցիչ Շինկի Կնեգտը:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում: