Ինչ է քննարկել «Ելքն» Արմեն Սարգսյանի հետ
ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում «Ելքի» կարծիքը Ա.Սարգսյանի մասին չի փոխվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման սկզբում, ըստ նրա, «Ելքն» արձանագրել է, որ նախագահի իրենց թեկնածուն ունեն, որն այս պահին դե յուրե թեկնածու չի, և խմբակցության պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:
Ն.Փաշինյանը նշեց, որ ընդհանուր քննարկում է տեղի ունեցել, խոսվել է Սարգսյանի տեսլականի մասին, թե ինչպես է նա վերաբերվում, որ ի հեճուկս Սերժ Սարգսյանի հայտարարության, թե վարչապետի պաշտոնին չի հավակնելու, այժմյան գործընթացները վկայում են, որ նա պետք է առաջադրվի.
«Սա ներքաղաքական իրավիճակը սրելու շատ լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և այս դեպքում ՀՀ նախագահն ով էլ լինի՝ շատ լուրջ խաչմերուկում կարող է հայտնվել»:
Ն.Փաշինյանը նշեց, որ հետաքրքրվել են նաև, որ նախագահական նստավայրը «խլելու» են նախագահից, ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, որ դառնում է վարչապետի գործառույթ, ընտրակաշառքի մասին իր տեղեկացվածության, Մարտի 1-ի մասով իր դիրքորոշումները, քաղբանտարկյալների, իր քաղաքացիության հետ կապված:
«Պատասխաններն ընդունել ենք՝ ի գիտություն: Դուք մեր քաղաքական դիրքորոշումը գիտեք, դրանում որևէ փոփոխություն չկա»,- ասաց Ն.Փաշինյանը: