
Եգիպտացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են սկսել Սինայում

Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզու հյուսիսում եւ կենտրոնական մասում ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Այդ մասին ասված է բանակի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ գործողությունը կիրականացվի նաեւ Նեղոսի դելտայում եւ դրանից արեւմուտք ընկած անապատային շրջաններում:
«Փետրվարի 9-ին սկսվել է հանցավոր եւ ահաբեկչական տարրերի համընդհանուր հակազդման պլանի իրագործումը Սինայի հյուսիսում եւ կենտրոնական մասում, Նեղոսի դելտայի շրջաններում եւ դելտայից դեպի արեւմուտք ընկած անապատային տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:
Բանակը բնակչությանը հորդորել է համագործակցել ուժայինների հետ եւ հայտնել յուրաքանչյուրի մասին, ով կարող է մեղսակից լինել ահաբեկչական գործունեությանը եւ սպառնալ պետության կայունությանն ու անվտանգությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: