Բաժիններ՝

«Փաստաբանների պալատին կոչ եմ անում դիմել Եվրոպական դատարան». Արտակ Զեյնալյան

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի օրինագիծը:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին. «Այս օրենքը քվեարկելու պարագայում՝ Փաստաբանների պալատին կոչ եմ անում դիմել Եվրոպական դատարան իրենց իրավունքների խախտման փաստը ճանաչելու առումով: Կարիք չկա սպառել ներպետական պաշտպանության միջոցները, որովհետև օրենքի առկայությունն ինքնին բավարար է զոհի կարգավիճակ ունենալու համար: Ես պատրաստ եմ օգնել փաստաբաններին, նաև պատրաստ եմ սահմանադրական գանգատ ներկայացնել, եթե միանան մեր ընդդիմադիր գործընկերները»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հայտնեց, որ իրենք ազատ են քվեարկելու. «Երեկ մենք նշեցինք, որ ՀՀ դատական համակարգի խայտառակ վիճակը, որը չի սպասարկում ո՛չ բիզնես շահ, ո՛չ հանրային շահ, փաստաբանների մեղքով չէ: Մենք դատավորին տալիս ենք լրացուցիչ մկրատ, որպեսզի փաստաբանին պատժի և հավասարակշռությունը փոխի: Փաստաբանները մեղավոր չեն, որ մենք ունենք նման դատական համակարգ: Այնուամենայնիվ, «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի ազատ ռեժիմով»:

ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ վստահեցրեց, որ այս օրինագծում Եվրոպական կոնվենցիայի խախտում չկա. «Այս երկու օրը ես հետևում եմ, անընդհատ ասում են՝ փաստաբաններին տուգանք սահմանելը Եվրոպական կոնվենցիայի խախտում է, և այլն: Բացարձակապես՝ ոչ: Փաստաբանին տուգանելը չի դիտվում ո՛չ քրեական, ո՛չ քաղաքացիական պատիժ՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, դրա համար խնդրում եմ ընդունեք դա՝ որպես ի գիտություն: Եվրոպական դատարանի հետ վտանգ ընդհանրապես չկա սրանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս