Հրդեհից տուժած 63-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում բռնկված հրդեհից տուժածը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի մասնագետները:
«Նա այրվածքներ է ստացել ոչ սթափ վիճակում: Քաղաքացի Ա. Ա.-ն անգիտակից վիճակում է և չի կարողանում դեպքի մասին մանրամասներ պատմել: Նրա մոտ սուր տոտալ և շնչուղիների այրվածք կա 2-րդ, 3-րդ աստիճանի»,- ասացին կենտրոնից:
Հրդեհի վերաբերյալ ահազանգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն է ստացվել փետրվարի 9-ին, ժամը 01:28-ին:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները, տարբեր աստիճանի այրվածքներով, տնից դուրս են բերել 1955 թ. ծնված Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն». բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:11-ին, մարվել՝ 02:34-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով և տանիքը (20 քմ):
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: