Լուսանկարում պատկերված տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք հայտնել Քննչական կոմիտե. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկոմատից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:
2018թ. հունվարի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 7-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կպչուն իր է կպցրել Մաշտոցի պողոտայում գտնվող բանկոմատի դրամի փոխանցման կափարիչին և վնասել այն` փորձելով գողություն կատարել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։ Ստացվել են դեպքի վայրում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Դեպքին հնարավոր ականատես անձանց հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր տեղեկություններ ունեն դեպքի վերաբերյալ հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: