
Հրդեհ «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրում. կա տուժած

Փետրվարի 9-ին` ժամը 01:22-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրին հարակից կիսակառույց շինությունում (25 քմ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շինության ներսից, տարբեր աստիճանի այրվածքներով, դուրս է բերվել 1948 թ. ծնված Տ. Ա.-ը, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:48-ին, մարվել՝ 02:20-ին: Ամբողջությամբ այրվել է կիսակառույց շինությունը (մեկ հարկանի):