«Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ». Շարմազանով
Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանը գրավելու մասին: Սա անհեթեթություն ու զառանցանք է: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Անթույլատրելի է, երբ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ հարևան երկրի նկատմամբ տարածքներ վերցնելու մասին է խոսում: Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Ադոլֆ Հիտլերը ժամանակին նման հայտարարություններ էր անում Սուդեթական մարզի, Լեհաստանի, ԽՍՀՄ և այլ երկրների նկատմամբ»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ քիչ թե շատ պատմությունից տեղյակ մարդու մոտ նման հայտարարությունները լայն ժպիտ են առաջացնում: «Ադրբեջանի պետությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել, ինչ պատմական տարածքների մասին է խոսքը: Ցիցերոնը հետաքրքիր արտահայտություններ էր անում դատարկախոսների մասին՝ ասում էր.«Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում»: Դա կիրառելի է նաև նրա նկատմամբ: Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են հնչում»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նույնիսկ ժամ էր նշանակել, թե երբ պետք է Սևանի ափին թեյ խմեր: «Մենք տեսանք, որ նման հայտարարությունների արդյունքում Ադրբեջանը պարտությունը պարտության հետևից կրեց: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային գործընթացին և նպատակ ունի ձգձգել այն ու ներքաղաքական խնդիրներն ուղղել Ադրբեջանում ստեղծված թշնամու կերպարի, այն է՝ Հայաստանի և Արցախի դեմ»,- ամփոփեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական օրակարգի, արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: