Թուրքիայի ՆԳ նախարարը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության մասին կխոսի Էրդողանի և Յըլդըրըմի հետ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն փետրվարի 7-ին հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ՝ լսելով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայկական կողմի պահանջները: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը նշում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկած ՆԳ նախարար Սոյլուն անդրադարձել է այն իրադրությանը, որում ներկայում գտնվում է Թուրքիան՝ կարևորելով ժողովրդավարության անհրաժեշտությունը: Այնուհետև նա խոսքը փոխանցել է հայկական համայնքի ղեկավարներին:
Խոսքի իրավունքից օգտված փաստաբան Սեբուհ Ասլանգիլը, դիմելով Սոյլուին, շնորհակալություն է նրան հայտնել ժողովրդավարության անհրաժեշտության մասին շեշտադրելու համար: Անդրադառնալով պատրիարքարան ուղարկված ՆԳՆ նամակին՝ որպես փաստաբան Ասլանգիլն ընդգծել է, որ դա անփույթ գրված փաստաթուղթ է, ինչը ցավալի փաստ է: Նա նշել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով պատրիարքարանի Հոգևոր խորհրդի կողմից նշանակվել էր պատրիարքական փոխանորդի պաշտոնում, նույն խորհրդի որոշմամբ դադարել է պաշտոնավարել այդ պաշտոնում: Բացի այդ, Հոգևոր խորհուրդը որոշել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին համարել «հանգստյան կոչված», ինչից հետո, համաձայն եկեղեցական կանոնների, Աթեշյանն այլևս չի կարող լինել պատրիարքական փոխանորդ: Փաստաբանը շեշտել է, որ բոլոր գործողություններն արվել են եկեղեցական կանոնների համաձայն, մինչդեռ ՆԳՆ ուղարկած նամակով կրկին իրենց է պարտադրվում Աթեշյանը՝ որպես փոխանորդ:
Ասլանգիլը նշել է նաև, որ նամակում եկեղեցական խորհրդի կողմից ընտրված պատրիարքական տեղապահին «այսպես կոչված» անվանելը ճիշտ չէ:
Նրանից հետո ելույթ են ունեցել համայնքի մյուս ներկայացուցիչները՝ ասելով, որ պատրիարքական ընտրություններն անհապաղ պետք է կայանան:
Հայկական կողմի ելույթներից հետո նախարարը նշել է, որ պետությունը շարժվում է օրենքներով և նրա պարտականությունն է ճանաչել պատրիարքական փոխանորդին: «Տեղյակ եմ ձեր մտահոգություններին, այդ ամենն ի նկատի կունենամ»,- ասել է Սոյլուն՝ հայտնելով, որ տեղի ունեցած քննարկումների լույսի ներքո հանդիպումներ կունենա վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Մոտ մեկ ամիս անց կրկին պետք է հանդիպենք»,- ասել է նա:
Ստամբուլի նահանգապետարանը ՆԳՆ անունից ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: