
«Անհրաժեշտ է պետական մարմինների չօգտագործվող գույքը նույնիսկ անհատույց տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար». Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրվել են պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ և մասնակի։
«Միաժամանակ, այդ գույքերի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 1-ամսյա ժամկետում գույքագրել և Պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ենթակայության՝ պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին, օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք:
Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվեց 1-ամսյա ժամկետում ամփոփել 1-ին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ: