
«Մարզերի և քաղաքների խորհրդանիշների առումով ունենք խայտաբղետ պատկեր». Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերի և քաղաքների խորհրդանիշներին և ընդգծեց, որ այս առումով ունենք խայտաբղետ պատկեր:
«Գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանշանների մշակման ընդհանուր, միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին։ Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Մշակույթի նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի և քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման և դրանք տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ: