Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է տասի
Թայվանի արեւելյան մասում լույս փետրվարի 7-ի գիշերը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է տասի: Անցած գիշեր փրկարարները փլատակներում հայտնաբերել են եւս մի քանի մարմին:
Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբում, որը գործում է տուժած Խուալյանի գավառում: Զոհվածներից երեքը զբոսաշրջիկներ են մայրցամաքային Չինաստանից: Ըստ ճշտված տվյալների՝ ընդհանուր առմամբ վերքեր է ստացել 267 մարդ, 58 հոգի մինչ այժմ անհայտ կորած է համարվում: Փրկարարները որոնողական աշխատանքերը շարունակում են չորս շենքում, որոնք քանդվել են կամ վնասվել:
Դրանցից մի քանիսում հյուրանոցներ էին գործում: Փետրվարի 8-ի առավոտյան 5,2 մագնիտուդով ստորգետնյա նոր ցնցում է գրանցվել Թայվանի արեւելյան ծովափին, ինչի մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Խուալյան քաղաքից 9 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը 6,1 կմ խորության վրա էր: Այդ ցնցումից ավերածությունների ու տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: