Բաժիններ՝

Ապօրինի ծառահատումների, պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս

ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 4 քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից պլանավորված և բազմածավալ քննչական գործողությունների, ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման, նախաքննության ընթացքում իրականացվող դատախազական համապատասխան ներգործության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել 13 անձինք, որոնց թվում են.

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

-«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետագայում կիրառվել է գրավ,

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նախկին տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալին կաշառք ստանալու հարցում օժանդակած անձը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,

-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը,

-«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 անտառապետեր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին.

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով /5 դրվագ/ և 296-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի ծառահատումներ կատարելու համար թույլտվություն ստանալու համար «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության պաշտոնատար անձանց կաշառք տված անձին, որի նկատմամբ քննիչի միջնորդության հիման վրա դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելի ճանաչելով գրավը, սակայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության անտառապահը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-ի 3-րդ մասի 2-րդ կետով /5դրվագ/, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է.

1.«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է.

2.«Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ.

3.«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ.

4.«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ

5.«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը՝ 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ.

6. «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ պատճառված վնասի չափը՝ 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ.

7. «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ.

8.«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ պատճառված վնասի չափը՝ 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախոզական միջոցառումներ՝ հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց պարզելու, յուրաքանչյուր անձի արարքին համարժեք իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս