
«Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին». Լուկաշ Վալերյան

Լեհաստանում Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը Գյումրիում հայտարարել է նոր գործի մեկնարկի մասին։
ՀԶՀ ներկայացուցիչը լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կհավաքագրի և կփոխանցի Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոնի» մասնագետներին ու ստարտափներին։ Գործարարը նշել է, որ պատվերները հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web Design և այլ տեխնոլոգիական խնդիրների։
ՀԶՀ ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մարզպետ Արթուր Խաչատրյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
«Գործարար Լուկաշ Վալերյանի հետ մեր քննարկումներն արդյունավետ եղան։ Նա Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամություն հայտնեց, իսկ մենք ուղղորդեցինք Գյումրի, քանի որ Գյումրին և Վանաձորը գերակայություններ են սահմանվել կառավարության կողմից, և ուրախ ենք, որ արդեն գործը մեկնարկում է»,- նշել է ՀԶՀ Տարածաշրջանային կառավարիչ Ալինա Եղիազարյանը։
Ավելի ուշ սպասվում է «Blue Idea» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացումը, որի տնօրենն արդեն նշանակված է։
Այսօր Գյումրի կատարած իր այցի ընթացքում Լուկաշ Վալերյանը Գյումրու իր գործընկեր Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ նաև ծանոթացել է ՏՏ ոլորտի ենթակառուցվածքներին, ԳՏԿ-ում հյուրընկալվել է «Տեխնո-ուրբաթին», ոլորտի մասնագետներին և ուսանողներին ներկայացրել «Blue Idea»-ի գործունեությունը։
Անահիտ Սիմոնյան