Սփյուռքն արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ներդրումներ անելու կոչին
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց, որ նա մոտ մեկ տարի առաջ դիմել է Սփյուռքին՝ կոչ անելով ներդրումներ անել:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե մեկ տարի անց որքանո՞վ է Սփյուռքն արձագանքել այդ կոչին, և ի՞նչ ներդրումներ են եկել դրա հետևանքով:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ իր կոչին արձագանքել են. «Մենք վիճակագրությունը ձեզ կներկայացնենք այս ամսվա ընթացքում, փետրվարին բոլոր նախարարությունները հաշվետվություն են ներկայացնելու»: Նա նշեց, որ 2017-ին 856 միլիոնի ներդրում է եկել Հայաստան, որից 570 միլիոնը՝ մասնավոր սեկտորից: Դրանից բացի, 190 միլիարդ ներդրում է կատարվել հենց մարզերում:
Է. Մարուքյանը շարունակեց հարցը. «Նաև լավ կլիներ՝ վերջին զարգացումների հետ կապված ձեր գնահատականը տաք՝ ԱՄՆ սանկցիաների հետ կապված, որովհետև հիմնական ներդրումները, որ սպասվում էին, Ռուսաստանից էին գալու, ի՞նչ վտանգներ կան դրա հետ կապված»:
Կ. Կարապետյանն ընդգծեց, որ բոլոր ներդրումները Ռուսաստանից չէին. «Աշխարհագրությունը կտանք»: