«Ես այս քաղաքի ամենավերջին անճաշակը չեմ և Արամ Մանուկյանին ուզում եմ տեսնել հենց այնպիսին, ինչպիսին եղել է նրա դերն ու նշանակությունը». Արամ Մանուկյանի քանդակի հեղինակ
Պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի շուրջ բորբոքված հանրային թեժ կրքերը չեն լռում, մինչդեռ բավական տևական ժամանակ լուռ էր արձանի մրցույթի հաղթող, քանդակագործ Դավիթ Մինասյանը:
168.am-ի հետ զրույցում քանդակագործը նկատում է՝ վերջին օրերին ապաակտիվացրել է նույնիսկ ֆեյսբուքյան պրոֆիլը՝ բացասական աղմուկից ու էմոցիաներից հնարավորինս խուսափելու համար: Քանդակագործը նկատում է՝ այն, ինչ պատահեց արձանի կամայական էսքիզներից մեկի տարածման և դրա շուրջ բարձրացված աղմուկի ֆոնին, պարզապես սխալ էր, առաջին հերթին՝ հենց քանդակի շուրջ հասարակական թյուր կարծիք ձևավորելու, և ապա միայն՝ ստեղծագործողի վրա այս կերպ ազդեցություն ունենալու նկատառումներով: Առհասարակ ստեղծված իրավիճակին Դավիթ Մինասյանը փորձում է առողջ հայացք նետել՝ միշտ էլ այդպես է եղել, նկատում է քանդակագործն ու հիշում.
«Շատ չհեռանալով Հայաստանի սահմաններից՝ հիշենք բոլոր քննադատված արձանների ճակատագրերը՝ ինչպես որ Արամ Մանուկյանի արձանի միայն էսքիզներից մեկով են որակում՝ որպես բաղնիքի խալաթ, կանացի հագուստ և այլն, նույն կերպ ժամանակին Վարդան Մամիկոնյանի քանդակը շաքարաքլոր էր, Կոնսերվատորիայի դիմաց կանգնեցված Սայաթ-Նովայի արձան աղբյուրը՝ սերվանդ, Թամանյանի արձանը՝ որպես պիվա վաճառող Թեմուր, Միասնիկյանի արձանը՝ չաման դրած բաստուրմա, իսկ Մատենադարանի դիմաց կանգնեցված Մեսրոպ Մաշտոցի արձանը ժամանակին այնպես քննադատվեց, որ քանդակի գլուխը նույնիսկ գիշերով կոտրեցին: Մարդիկ ասում էին, որ քանդակը նման չէ Մեսրոպ Մաշտոցին, և դա՝ այն դեպքում, երբ Մաշտոցը երբեք որևէ լուսանկար չի ունեցել, որպեսզի նմանությունները կամ տարբերություններն ապացուցող փաստեր լինեն գոնե:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դժվար վիճակի մեջ կարող էր հայտնված լինել քանդակի հեղինակ Ղուկաս Չուբարյանը: Շատ հեռու չգնալով էլ՝ հիշենք Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ ծագած մեծ աղմուկը, ժամանակին նույնիսկ Սասունցի Դավթի արձանն է քննադատվել՝ համարել են, որ շատ տգեղ է, ու հետն էլ՝ այնքան մեծ, որ ամբողջովին փակում է հետևում գտնվող կառույցի տեսքը: Իրականում պետք է պարզապես հասկանալ, որ արվեստն իր ալեգորիաներն ու սիմվոլիզմն ունի»:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի արձանի ներկայացված էսքիզի գեղագիտական լուծումների հետ առնչվող խնդրահարույց հարցերին՝ Դավիթ Մինասյանը մանրամասնում է.
«Արձանի հիմնական մտահղացումը հետևյալումն է՝ այն բաղկացած է երեք հիմնական հատվածներից՝ Արամ Մանուկյանի կերպարը, Հայոց պետական դրոշը և Հայոց աշխարհի քարտեզ-պատվանդանը, որոնցից ամեն մեկն իր խորհրդանշաններն ունի և մեկը մյուսին լրացնելով՝ քանդակին հաղորդում են ընդհանուր և վերջնական գաղափարը: Արամ Մանուկյանը դարերի խորքից՝ վիհից, կարելի է ասել՝ ոչնչից բարձրացնում է դրոշը, որ որպես հրաբուխ և նոր ծնունդ՝ պետականության և անկախության խորհրդանիշն է, հայ ժողովրդի բազմադարյա երազանքն ու իղձը: Դրոշը բարձրանալով՝ տեղաշարժում է ռելիեֆը, առաջացնելով ճառագայթներ՝ ծնունդ տալով անկախ պետականությանը:
Գետնից փոքր-ինչ բարձր տեղակայված քարտեզ-պատվանդանը լուծում է երկու խնդիր՝ հայոց հարցն առայժմ օդում է՝ վերջնական լուծում չի ստացել: Երկրորդ հերթին՝ սա, ըստ իս, հնարավորինս լավ մտածված տարբերակն է՝ ճիշտ կերպով միջամտելու արդեն եղած ճարտարապետությանը, որի վրա անցկացվել է մրցույթը: Քանդակը մի փոքր դինամիկա ունի, շարժում՝ դեպի Հանրապետության հրապարակ, որը կրկին խորհրդանշական է: Այս քանդակի հետ կապ ունեցող ամեն դետալ մտածված է շատ երկար և հնարավորինս մանրակրկիտ: Ինչ վերաբերում է այն նկատառմանը, որ կարդացի այսօր ձեր թերթի տպագիր համարում, թե մոնումենտալ արձանների ժամանակն անցել է, ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ է դա նշանակում, ո՞վ է դա ասել, կամ որտե՞ղ է գրված: Սա ճշգրիտ գիտություն չէ՝ ֆիզիկա կամ մաթեմատիկա, արվեստում ֆորմուլաներ չկան: Ես ինքս սա չեմ մտածել՝ որպես հերթական կանգնած արձան, այլ տալիս եմ միտք, գաղափար, որտեղ, այո, կա նաև Արամ Մանուկյանը:
Այս քանդակում պատկերված է Արամ Մանուկյանի միայն պորտրետն ու երկու ձեռքերը՝ շեշտը դնելով մտքի, սրտի ու ձեռքերի վրա, որ խորհրդանշում են նրա կատարած աշխատանքը»:
Թե ո՞րն էր նման աղմուկի պատճառը, Դավիթ Մինասյանը գիտի, սակայն նախընտրում է զրույցն այդ ուղղությամբ չտանել, այլ քննարկել միայն քանդակի հետ կապված պրոֆեսիոնալ հարցերը.
«Կարող եմ միայն ասել՝ հանրայնացվել են իմ ստեղծագործական որոնումները, որը մի քիչ այլ տեղ է տանում, բայց այդ մասին ես կգերադասեմ լռել: Ես, իհարկե, կցանկանայի, որ այդպես չլիներ: Աշխատանքային պրոցեսի փուլում գործը կամ անավարտ էսքիզներից մեկը կիսատ վիճակում վերցնել ու ներկայացնելն և դրա շուրջ աղմուկ բարձրացնելն այնքան էլ կոռեկտ ու ճիշտ չեմ համարում: Հրապարակելուց պետք էր ներկայացնել ամբողջական փաթեթը՝ բացատրագրերի հետ միասին, որպեսզի մարդիկ ճիշտ կարծիք կազմեին, թե ինչի մասին է խոսքը:
Միայն այն էսքիզը, որ հրապարակվեց և այսպիսի մեծ աղմուկի պատճառ դարձավ, գուցե, եթե ես էլ տեսնեի՝ չհավանեի: Դա մրցութային նախագծին ներկայացրած բազմաթիվ էսքիզներից մեկն էր, որը ես ցույց էի տվել ճարտարապետներին, որպեսզի քննարկվեին դրա հետ կապված ճարտարապետական մշակումները: Ես՝ որպես քանդակի հեղինակ, իրավունք ունեմ ունենալու բազմաթիվ էսքիզներ, որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին՝ փոփոխության ենթարկվելու մեծ հավանականություն ունեն, հենց դրա համար էլ դրանք կոչվում են աշխատանքային էսքիզներ:
Իմ՝ որպես ստեղծագործողի, իրավունքն է՝ փուլային էսքիզներն անել այնպես, ինչպես ես եմ դրանք զգում, միաժամանակ՝ իմ մտապատկերներում ունենալով այն, թե ինչպե՞ս եմ ես դրանք տեսնում վերջնական տեսքով: Այնպես որ, այս աղմուկն ըստ էության ինձ համար լուրջ չէ: Լուրջ էր միայն այնքանով, որ ծագեց հենց այն պահին, երբ ես շատ լուրջ աշխատում էի քանդակի վրա, և սա մի քիչ խանգարեց ինձ, բայց ես վստահ եմ, որ ավելի հանգիստ պայմաններում կշարունակեմ աշխատանքս ու ավարտին կհասցնեմ քանդակն իմ պատկերացումներով՝ ամբողջությամբ: Հավատացնում եմ, որ ես այս քաղաքի ամենավերջին անճաշակը չեմ և Արամ Մանուկյանին ուզում եմ տեսնել հենց այնպիսին, ինչպիսին եղել է նրա դերն ու նշանակությունը մեր պատմության էջերում: Այնուամենայնիվ, ես գիտեմ, թե ինչ է լինելու այս ամենի վերջում: Ուղղակի վստահ եմ, որ ժողովուրդը շատ է հավանելու Արամ Մանուկյանի քանդակը՝ իր վերջնական տեսքով»:
Հնարավո՞ր է՝ հեղինակն ինչ-որ փուլում հրաժարվի քանդակի գաղափարից և այլևս չշարունակի աշխատանքը. այս հարցին Դավիթ Մինասյանը պատասխանում է՝ հնարավոր չէ.
«Ինչո՞ւ պետք է հրաժարվեմ, միայն այն պատճառով, որ ինֆորմացիան ամբողջ ծավալով հասանելի չի եղել լսարանին, և դրա արդյունքում ձևավորված պատկերացումներն էլ թյո՞ւր են եղել: Իհա՛րկե ոչ: Ես չեմ կարող հետ կանգնել նախագծից միայն այն պատճառով, որ թերի վիճակում, մշակման փուլում գտնվող տասնյակ աշխատանքային էսքիզներից մեկը հայտնվել է Ֆեյսբուքում ու այսպիսի անհասկանալի աղմուկ բարձրացրել:
Դա անլուրջ մոտեցում կլիներ: Կուզենայի անդրադառնալ նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր քվեարկության հետ կապված ոչ թափանցիկություն է եղել: Այն տարբերակով, որով քանդակի մակետն ու էսքիզները ներկայացված են եղել մրցույթին, ընդ որում, ունենալով հստակ ծածկագիր, հավանության է արժանացել հանձնաժողովի յոթ անդամների կողմից՝ մեծամասնությամբ համարվելով ներկայացված նախագծերից լավագույնը:
Դրանից հետո ես առաջարկ եմ ստացել շարունակելու, շտկումներ կատարելու էսքիզներում ու վերջնական տարբերակներ ներկայացնելու: Ես իմ ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներն օգտագործել եմ՝ գաղափարի և մտքերի ճշգրիտ ներկայացման վրա: Այդ փուլում, կրկնում եմ, այդ փուլում ինձ համար երկրորդական է եղել դեմքի նմանության վերջնական պլաստիկայի, ֆորմայի խնդիրները: Ես նշել եմ, որ ներկայացնում եմ մտահղացում, գաղափար, որը պատրաստ եմ շարունակել շտկել և զարգացնել: Բոլոր հետագա փուլերում որոշ մոտեցումներ շտկվում, ուղղվում, վերանայվում են: Դա նորմալ և բնական պրոցես է, որը ես շատ նորմալ եմ ընդունում և խնդիր այստեղ չեմ տեսնում»:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Մինասյանը տեղեկացրեց նաև, որ մամուլում տարածված նախնական տեղեկություններն այն մասին, թե քանդակի համար նախատեսված նյութերը բերվելու են Մեծ Բրիտանիայից, չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև՝ տարածված լուրերն այն մասին, թե իբր Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը լոբբինգ է իրականացնում էսքիզի վերջնական հաղթանակի օգտին.
«Նման բան չկա, Լևոն Իգիթյանը չունի բացարձակ ոչ մի կապ կամ առնչություն, այն իմաստով, որը նրան են վերագրում: Նա քանդակի ճարտարապետը չի, և ասեմ ավելին՝ քանդակը համահեղինակ ճարտարապետ չունի: Քանի որ ես ինքս մասնագետ ճարտարապետ չեմ, պատրաստվում եմ առաջիկայում դիմելու ճարտարապետական որևէ արհեստանոցի կամ կազմակերպության, բայց ոչ՝ անհատի, որպեսզի իմ գաղափարը վերջնական տեսքով բերվի գրագետ վիճակի»:
Տեղեկացնենք, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցը որոշվելու է փետրվարի 13-ին՝ Երևանի ավագանու խորհրդի առաջիկա նիստում։
Հիշեցնենք նաև, որ քանդակագործ Դավիթ Մինասյանը՝ «Տղամարդիկ» (2007 թ., Երևան), «Ամրագրիր քո ապագան» (2012 թ., Երևան), Լեոնիդ Ենգիբարյան (2012 թ., Ծաղկաձոր), Սոս Սարգսյանի հուշարձան (2014 թ., Ստեփանավան), «Ուշացած լուսանկար» (2015 թ., արձանախումբ), «Հնչող արձան» (2016 թ., Երևան) արձանների ու արձանախմբերի հեղինակն է:
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։