Բաժիններ՝

Պետությունը Երևանից դուրս աշխատող ձեռնարկատերերին սուբսիդավորման նոր ընթացակարգ է առաջարկում

Երևանից դուրս աշխատող ձեռնարկությունների համար մշակված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուբսիդավորել համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի տոկոսները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը։

Ընթացակարգի միջոցով այն ձեռնարկատերը, որն աշխատում է Երևանից դուրս և նոր բիզնես է սկսում կամ իրենն է ցանկանում ընդլայնել, կարող է դիմել որևէ ֆինանսական կազմակերպություն, որը նրան կհամաձայնի վարկ տալ։ Գումարի տրամադրման որոշումից հետո ձեռնարկատերը բանկում կամ ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում լրացնում է հայտադիմում, որն էլ ուղարկվում է ՀՀ ՏԿԶ նախարարություն։

«Մենք ունենք հայտերի գնահատման հատուկ ստեղծված հանձնաժողով, որը մեկ շաբաթվա ընթացքում գնահատում է հայտը և մինչև 6 տոկոս վարկային տոկոսադրույքը սուբսիդավորելու որոշում է կայացնում։ Ընդհանուր առմամբ մեկ վարկի սուբսիդավորման վրա կարող է ծախսվել մինչև 20 մլն դրամ։ Մենք պլանավորում ենք 2018 թվականի ընթացքում սուբսիդավորել մոտ 100 նման վարկային ծրագիր։ Սա մեր առաջին գործիքն է, որով փորձում ենք հեռավոր սահմանամերձ, բարձրլեռնային գոտիներում խրախուսել տնտեսական զարգացումը»,- նշեց Վարազդատ Կարապետյանը և հավելեց, որ 2017 թվականին իրենք աշխատել են համայնքներից ներդրումային ծրագրեր ստանալու ուղղությամբ և այդ ծրագրերը ֆինանսական հաստատություններ ուղղորդելու և ֆինանսավորման հայթայթման համար, սակայն այժմ փորձում են ավելի շատ ինստիտուցիոնալիզացնել այն։

«2017 թվականի վերջում բոլոր համայնքներին՝ հատկապես խոշորացված և խոշոր, առաջարկեցինք աշխատանքի ընդունել տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուներ։ Պատասխանատուն պետք է 3 հիմնական գործառույթ իրականացնի՝ ընդհանուր բիզնես ֆասիլիտացիա, համայնքի բնակչության ձեռնարկությունների, ունևոր ֆերմերների մասնակցությամբ մշակել տնտեսության զարգացման ռազմավարություն, ինչպես նաև մշակել ծրագրեր տնտեսական աճը ապահովելու համար»,- ասաց ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալը։

Ընդհանուր բիզնես ֆասիլիտացիայի դեպքում, եթե ձեռնարկություններն առաջնային հարցեր ունեն հարկային օրենսդրության, շուկաների, հաշվապահության վերաբերյալ, ապա այդ մասնագետը պետք է կարողանա պատասխանել առաջնային հարցերին։ Տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուն հնարավորինս պետք է կարողանա ուղղորդել դեպի այդ ձեռնարկությանը աջակից այլ կազմակերպություններ՝ ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ, Հայաստանի զարգացման հիմնադրամ, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որտեղ կուտակված է պետական աջակցության գործիքակազմը։

«Համայնքի բնակչության ձեռնարկությունների, ունևոր ֆերմերների մասնակցությամբ տնտեսության զարգացման ռազմավարությունը մշակելիս՝ պետք է կարողանան համատեղ որոշել, թե համայնքն ինչ ճանապարհով է առաջ գնալու, որ ճյուղերն են գերակա, ինչ նպատակներ ունեն այդ ճյուղերի, աշխատատեղերի, մրցունակության հետ կապված։

Երրորդ գործառույթն էլ այն է, որ այդ մարդիկ պետք է կարողանան մշակել ծրագրեր տնտեսական աճը ապահովելու համար, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների մեջ ձեռնարկատիրության աջակցությունը և տնտեսության զարգացումն արդեն պարտադիր են դառնում։ Համայնքը պետք է կարողանա ունենալ գործիքակազմ և կարողություններ տնտեսությունը զարգացնելու համար։ Մեր տնտեսության մեծ մասը համայնքներում է և հենված է հենց համայնքների վրա, այսինքն՝ իրենք իրենց առաջնային ռեսուրսները ձեռք են բերում համայնքներից և իրենց արտադրանքը վաճառում են հենց համայնքներում»,- ընդգծեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ համայնքներում գործող բոլոր միկրոբիզնեսները՝ ավտոտեխսպասարկման կենտրոնները, փոքր խանութները, վարսավիրանոցները, համայնքահեն են։ Ենթադրվում է, որ այս փոքր բիզնեսներին աջակցությունը պետք է տեղի ունենա հենց համայնքում, որովհետև այստեղ կա դրանց կարիքը։ Խոսելով միջին կամ մեծ բիզնեսների մասին՝ նա նշեց, որ այս դեպքում տրամադրվում է աջակցության ավելի մեծ գործիքակազմ։ Տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուների առաջնային գործառույթը նման համայնքահեն ձեռնարկությունների աջակցությունն է և համայնքի տնտեսության համակողմանի աջակցության ծրագրերի ու ռազմավարության մշակումը։

«Սրանք այն երկու ուղղություններն են, որոնք մենք ներկայումս կիրառում ենք և ելնելով 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրից՝ մենք այս տարի կմշակենք այլ գործիքներ ևս։ Դրանք կնպաստեն համայնքներում տնտեսության զարգացմանը կամ կստեղծեն լրացուցիչ խթաններ տեղական ինքնակառավարման մարմինների համար, որպեսզի իրենք ավելի շահագրգիռ լինեն տնտեսության զարգացմամբ»,- եզրափակեց ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս